Հոբելյանական այս տարում, երբ նշվում է Սարյանի ծննդյան 135-ամյակը, նրա թանգարանի վերաբացումն ամենակարևոր միջոցառումն է: Այն կկբացվի ընթացիկ տարում: Փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

 

«Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը վերանորոգվում է, և անձամբ երկրի ղեկավարի անմիջական ուշադրության կենտրոնում է: Դեռևս 2011 թվականին են նախաձեռնվել այդ աշխատանքները: Նախագիծը պատրաստվել է և իրականացվել, և այս տարի՝ վարպետի հոբելյանական տարվա ընթացքում, բացվելու է: Բացի դրանից խոշորածավալ աշխատանքներ են ուղղված Սարյանի ստեղծագործությունների հանրահռչակմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արև Սամուելյանը:

 

Փոխնախարարի խոսքով՝ թեև թանգարանը փակ է, բայց ցուցադրություններ են անցկացվում Մատենադարանում: «Թանգարանը շարունակում է գիտական աշխատանքներ իրականացնել, հոդվածներ են տպագրվում, գրքեր լույս տեսնում»,-նշեց նա:

 

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967 թվականի նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք։ Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է, և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին։ Մարտիրոս Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով։ Տուն-թանգարանի առաջին տնօրենն է եղել նկարչի որդին, կոմպոզիտոր Ղազարո ս Սարյանը ։ 2004 թվականից տուն-թանգարանը ղեկավարում է նկարչի թոռնուհին՝ Ռուզան Սարյանը։

 

Մարտիրոս Սարյանի թանգարանն ամփոփում է նկարչի ստեղծագործական բոլոր շրջանների գործերը: