Հայաստանի հնագույն քաղաքակրթությունն Արևմուտքի համար էկզոտիկ է և դեռևս չբացահայտված, սակայն Վատիկանը հայ սուրբ վանական Գրիգոր Նարեկացուն շնորհել է «Տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս: Այս մասին բրիտանական հեղինակավոր Telegraph պարբերականում գրել է Քրիստոֆեր Հոուսը:
«Իմ պահարանում կա մի փոքրիկ գիրք, որը ես չեմ կարողանում կարդալ: Այն հայերեն է, և ես անգամ չեմ կարողանում գլուխ հանել գրավիչ գանգուր այբուբենից: Բայրոնը, ըստ երևույթին, շատ ավելի ճիշտ է արել 1816 թվականին լեզվի դասեր առնելով այն նույն վանքում, որտեղ հրատարակվել է այս գիրքը»,- գրում է հեղինակը՝ պատմելով Վենետիկում Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանության մասին՝ նշելով, որ վանքը պատկանել է հայ կաթոլիկներին, թեպետ հայերի մեծամասնությունը քրիստոնեական առաքելական եկեղեցու հետևորդ է: «Հայերը սիրում են պատմել այն մասին, որ առաջին երկիրն են, որը Սուրբ Գրիգոր Լուսավորչի ջանքերով 301 թվականին ընդունել է քրիստոնեությունը»,- գրել է Հոուսը՝ փաստելով, որ հայերն ունեն հզոր քաղաքակրթություն:
Նա նշել է, որ սկսել է մտածել հայերի մասին, երբ ձմեռային արևոտ մի օր պատահմամբ տեսել է հայկական եկեղեցի, որը կառուցվել է 1922 թվականին՝ Գալուստ Գյուլբենկյանի ծնողների հիշատակին: Նա վերհիշել է, թե ինչպես մի քանի շաբաթ առաջ Լոնդոնի հայերին այցելած Ուելսի արքայազնը գնացել էր հայկական Սուրբ Եղիշե եկեղեցի՝ ցանկանալով ուշարություն հրավիրել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վիճակի վրա: Հեղինակն անդրադարձել է նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Գրիգոր Նարեկացուն եկեղեցու դոկտորի կոչում տալու փաստին. «Սա հազվադեպ կոչում է, որը եկեղեցական պատմության մեջ շնորհվել է միայն 35 մարդու»:
«Այս սպանություններով լի ժամանակաշրջանում Արևելքի քրիստոնյաները հոգևոր միասնության կարիք ունեն»,- իր հոդվածը եզրափակել է հեղինակը: