Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մարտի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ:

 

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ղեկավար գնդապետ Մարկուս Վիդմերը (Շվեյցարիա):

 

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ գնդապետ Թունկայ Շեվիմը (Թուրքիա):

 

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: