Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատում է երկրի նոր սուլթանը լինելու իր հավակնությունները. հայտնի է դարձել, որ Էրդողանին հրամցվող ուտելիքը և խմիչքները նախապես փորձվում են հատուկ համտեսողների կողմից, որպեսզի դրանք հանկարծ թունավորված չլինեն:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այս մասին հայտնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Անկարայի պատգամավոր Ջևդեթ Էրդոլը:

 

Նա տեղեկացրել է, որ նոր նախագահական պալատում կա հինգ մարդուց բաղկացած հատուկ «շտապօգնության անձնակազմ», որը օրվա 24 ժամը հետևում է Էրդողանի ուտելիքների և խմիչքների անվտանգությանը:

 

Էրդոլի հավաստմամբ' մանրամասն հետազոտության են ենթարկվում բոլոր մթերքները և հեղուկները, որոնք հրամցվելու են Էրդողանին' բացառելու դրանցում թույնի, ռադիացիայի, վտանգավոր բակտերիաների առկայությունը:

 

«Այսօր աշխարհում սպանություններն արվում են ոչ թե զենքերի, այլ նման ճանապարհներով' մասնավորապես ուտելիքի միջոցով: Այս անձնակազմում կան սննդի ոլորտի մասնագետ-բժիշկներ: Վերցվող նմուշները հետազոտվում են ոչ միայն Ստամբուլի, այլև Անկարայի լաբորատորիաներում: Նախատեսում ենք մի լաբորատորիա էլ բացել նախագահական պալատում»,- ասել է Էրդոլը: