Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը մարտի 3-ի առավոտյան Անթիլիասի մայրավանքում պաշտոնապես բացել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Իրանի Իսլամական Հանրապետության Մշակույթի և հարաբերությունների բաժնի միացյալ համագումարը՝ շեշտելով քրիստոնյա-իսլամ գոյակցությունն ամրապնդելու և համագործակցությանը նոր ուժ տալու անհրաժեշտությո ւնը:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Համագումարի խորագիրն է «Քրիստոնյա-իսլամ համագործակցության անհրաժեշտությունը Միջին Արևելքում արդար և մնայուն խաղաղության հաստատման համար»: Արամ Ա. Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձել է մի քանի կարևոր կետերի՝ նշելով, որ քրիստոնեությունն ու իսլամը, որպես միաստված կրոններ, նման արմատներ ունեն, թեպետ տարբեր են աստվածաբանական հարցերի նկատմամբ մոտեցումները: Նրա խոսքով' իսլամն ու քրիստոնեութ յունը դեմ են ծայրահեղություններին և բռնություններին:

 

Անդրադառնալով անարդարությանը՝ նշել է, որ անարդարությունը շարունակվում է հայ ժողովրդի դեմ, երբ Թուրքիան դեռ մերժում է ճանաչել իր նախահայրերի կողմից 1915-ին հայ ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանությունը: Վերջում Վեհափառ Հայրապետը նշել է, որ իսլամն ու քրիստոնեությունը չեն կարող լուռ մնալ անարդարության դեմ: Անհրաժեշտ է, որ նրանք ավելի ամրապնդեն իրենց գործակցությունը:

 

Վեհափառ Հայրապետից հետո իր խոսքն է ասել ԻԻՀ ներկայացուցիչ Աբուզար Իբրահիմին:

 

Համագումարն անցկացվում է շուրջ 15 տարի Լիբանանում և Իրանում: Հանդիպումը կտևի 2 օր, որի ավարտից հետո կողմերը հանդես կգան համատեղ հայտարարությամբ: