ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հերթական հանդիպումը Երևանի Կոնդ թաղամասի բնակիչների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել «Դվին» հյուրանոցի հարևանությամբ գտնվող կոնդեցիների համար նախատեսված կիսակառույցի տարածքում, նպատակ ունենալով փաստել տարիներ առաջ առկախված շինարարության մոտակա մեկնարկի մասին:

 

 

Հանդիպման ընթացքում Ն. Սարգսյանը կոնդեցիներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացված և իրականացվելիք քայլերի հերթականությունը՝ այն է՝ շինարարական կազմակերպության ընտրության գործընթաց, բնակելի համալիրի նախագծերի ներկայացում Երևանի քաղաքապետարան և քաղաքացիների հետ պայմանագրերի կնքում: Նախարարը հանձնարարել է քաղշիննախարարության պատասխանատուներին՝ հետևել կոնդեցիների բնակապահովման ծրագրի գործընթացին, ինչպես նաև՝ բնակիչների վարձավճարների ժամանակին ապահովմանը:

 

 

Հիշեցնենք' Կոնդի հարյուրից ավելի բնակիչների տները թաղամասի վերակառուցման համատեքստում 2007 թվականին ճանաչվել էր պետական գերակա շահ, տարածքը վաճառվել էր, սակայն նրանց բնակարանային հարցը չէր լուծվել: Եվ միայն 2014 թվականին ՀՀ նախագահի՝ ՀՀ կառավարությանը տրված հանձնարարականից հետո մշակվեցին խնդրի լուծման մեխանիզմները: ՀՀ վարչապետի մոտ կայացած բազմաթիվ քննարկումների և կոնդեցիների հետ՝ նախարար Նարեկ Սարգսյանի հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ կիսակառույցի շինարարությունն իրականացվելու է՝ «Ի-ԷՄ-Էս» կազմակերպության ֆինանսավորմամբ՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատվությամբ:

 

 

Այսօր շինհրապարակում քաղաքաշինության նախարարը կոնդեցիներին տեղեկացրել է նաև շինարարության ժամկետների մասին, նշելով, որ այն կտևի 1.5 տարի, հավելելով, որ հաջորդ հանդիպմանն արդեն կտրվի շինարարության մեկնարկը և կներկայացվի աշխատանքների հստակ ժամանակացույցը: