Անցյալ տարվա հունիսի 13-ին Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի այրված թիվ 9 շենքի բնակիչներին դեռևս բնակարանով չեն ապահովել. նրանք ապրում են հյուրանոցային համալիրում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը։ Նշենք, որ հրդեհի հետևանքով ընդհանուր առմամբ 24 ընտանիք՝ 60 անձով, մնացել է անօթևան:
Քաղաքապետը նշեց, որ շենքի շինարարությունն ընթացքի մեջ է, լրիվ այլ շենք է լինելու, ավելի լավը, քան նախկինն էր։ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ շենքի շինարարությունը փոքր-ինչ դանդաղում է, սակայն արդյունքը կլինի գոհացուցիչ։
Նշենք, որ շենքի վերակառուցման համար ֆինանսական ներդրում է արել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը։ «Նախնական փուլում մարզպետի մասնակցությունը նաև շատ մեծ էր։ Այն, որ այսօր իր հունով ճիշտ գնում է, մարզպետի շնորհիվ է»,- հավելեց Մեղրիի քաղաքապետը։
Լուսանկարները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի։