Ուրբաթ օրը՝ հունիսի 9-ին, ժամը 10:05-ի սահմաններում, Վորոնեժի կենտրոնում՝ Բելինսկի փողոցում, բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարք է ընկել, գրում է Kommersant-ը։ Լուրը հաստատել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։ Տեղի բնակիչները սոցցանցերում լուսանկարներ են հրապարակում Բելինսկի փողոցի 21 հասցեում գտնվող բնակելի շենքի պատից, որը մասամբ վնասվել է պայթյունից։ Նահանգապետի խոսքով՝ երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է։ «Նրանց ցուցաբերվում է ողջ անհրաժեշտ օգնությունը»,- վստահեցրել է նահանգապետը։
Շենքը գտնվում է պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի հարևանությամբ։ Նույն թաղամասում, քաղաքի կենտրոնում՝ մոտակա Վոլոդարսկի փողոցում, գտնվում են ԱԴԾ-ի և Վորոնեժի շրջանի ՆԳՆ վարչությունները։
«Տեղում աշխատում են հատուկ ծառայություններ։ Մանրամասները՝ ավելի ուշ։ Իրավիճակը պահում եմ անձնական վերահսկողության տակ»,- գրել է նահանգապետն իր հեռագրային ալիքում։