Ադրբեջանի իշխանությունը խախտել է ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունը' դարձյալ մեկնարկ տալով հակաարեւմտյան արշավին, եւ իշխանամետ թերթերում քննադատություններ հնչեցրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հասցեին:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլիգ» թերթը' նշելով, որ Բաքուն անմիջապես եւ խստորեն է արձագանքել «Վաշինգտոն պոստ» թերթում Ադրբեջանի կառավարության դեմ հնչեցրած քննադատություններին:

 

Ադրբեջանի պետական «Ազերբայջան» եւ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության օրգան «Ենի Ազերբայջան» թերթերը երեկ ԱՄՆ-ի եւ այդ երկրի նախագահ Օբամայի հասցեին խիստ մեղադրանքներ բովանդակող հոդվածներ են հրապարակել:

 

«Ազերբայջան» թերթում հրապարակված' «ԱՄՆ-ում առանց դատի ձերբակալություն» վերնագրով հոդվածում Օբաման «բռնակալ» է անվանվել, եւ նշվել է, որ նա աշխարհի նկատմամբ «արյունոտ քաղաքականություն» է վարում:

 

«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հզոր գերիշխանության եւ բռնակալության ախտանիշներ է ցուցադրում: Սեփական ազգային իրավունքները պահպանել, անկախությունն ուժեղացնել, ԱՄՆ-ից տարբերվող մոտեցում ցուցադրել ցանկացող պետությունները, հատկապես' մուսուլմանական երկրները լուրջ ճնշումների են ենթարկվում: Այդ երկրներում իշխանության հեղաշրջումներ են իրականացվում, խթանվում է քաղաքացիական դիմակայությունը, իսկ դրանք արդյունք չտալու դեպքում, նրանց նկատմամբ բռնություններ են իրագործվում: «Ժողովրդավարության» եւ «բարեկեցության» անվան տակ անցկացվող քաղաքականության աղետալի արդյունքի համար այսօր Աֆղանստանի, Իրաքի, Լիբիայի, Սիրիայի, Եգիպտոսի եւ այլ երկրների ժողովուրդները պետք է «երախտապարտ» լինեն Օբամային», -գրել է թերթը:

 

«Ազերբայջանը» նույնիսկ պնդել է, որ Բարաք Օբաման իր քննադատներին լռեցնում է ձերբակալություններով:

 

«Քննադատներին լռեցնելուն ուղղված պարոն Օբամայի սիրելի գործիքներից մեկն էլ ձերբակալությունն է' չնայած նրան, որ ԱՄՆ-ի նախագահն իր ելույթներում քիչ է մնում հետ թողնի անգամ ճանաչված իրավապաշտպաններին: Գուանտանամո բանտում մինչ օրս «ահաբեկչության» կամ «ահաբեկչությանն աջակցության» մեջ կասկածելի համարվող անձինք են պահվում: Նրանց թվի, կատարած հանցագործությունների, բանտային պայմանների մասին ոչ մի տեղեկություն չկա, քանի որ պարոն Օբաման իր նախորդների պես ավելորդ է համարում նրանց նկատմամբ արդարացի դատավարության անցկացումը: Ավելին, ձերբակալում եւ բանտեր է նետում առկա վիճակը քննադատող լրագրողներին եւ ակտիվիստներին….Սրանք բոլորը իր ընդդիմախոսների դեմ Վաշինգտոնի ցուցադրած դաժան վերաբերմունքի ապացույցներ են», -գրել է «Ազերբայջանը»:

 

Նման մեղադրանքներով հանդես է եկել «Ենի Ազերբայջան» թերթը նույնպես իր' «Կեղտոտ քաղաքականության պատանդ «Վաշինգտոն պոստը» վերնագրով հոդվածում:

 

«Ազադլիգը» գրում է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդի' Բաքու այցից հետո Ադրբեջանի եւ Վաշինգտոնի միջեւ ջերմացում էր սկսել դիտվել, ինչի պատճառն այն էր, որ այցի ժամանակ Նուլանդը հանդես էր եկել դեմոկրատական բարեփոխումներ անցկացնելու ուղղությամբ Ադրբեջանի իշխանության ջանքերին աջակցելու պատրաստակամության մասին հայտարարությամբ: «Սակայն, երեւում է, իշխանությունն այդ համաձայնությունը խախտելու առիթ էր որոնում: «Վաշինգտոն պոստ» թերթի քննադատական հոդվածը իշխանության համար երկնքից ընկ ած մանանա դարձավ»,-գրել է «Ազադլիգը»:

 

«Վաշինգտոն պոստն» ավելի վաղ գրել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «խելահեղ բռնակալության հատկանիշներ» է ցույց տալիս: Այդ երկրում ձերբակալությունների ալիքն իր հետ տանում է լրագրողներին, բլոգերներին, փաստաբաններին, իրավապաշտպաններին եւ նրանց, ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն աձնական ազատության, իսկ Ալիեւը, խնդիրներ ունենալով նավթային եկամուտների անկումից, որոնց վրա երկար տարիներ հենվել էր նրա վարչակարգը, երեւում է, հարված է հասցնում յուրաքանչյուրչին, ով դեմ է հանդես գալիս իրեն: