Հայաստանում «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը շոտլանդական Food Control Consultants (FCC) հայտնի ընկերության հետ համատեղ մեկնարկել է «Հիվանդությունների վերահսկման կարողությունների հզորացում» ծրագիրը: Այն ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից և նպատակ ունի ունի աջակցելու Հայաստանում կենդանածին և սննդածին հիվանդությունների հատուկ վերահսկման համակարգի ստեղծմանը:

 

 

Ծրագրին նվիրված սեմինարի բացման ժամանակ «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը հայտնեց, որ ծրագիրը մեկնարկել է 2014թ. սեպտեմբերին և նպատակ ունի աջակցելու Հայաստանում սննդային ծագման հիվանդությունների հատուկ վերահսկման համակարգի ստեղծմանը:

 

 

«Ծրագրի շրջանակներում ներկայացրել ենք հիվանդությունների վերահսկման համակարգում առկա թերությունները, ինչպես նաև դրանց վերաբերյալ առաջարկություններ: Բացի այդ, ծրագրի շրջանակներում նախանշվել են առաջնային սննդային ծագման հիվանդությունները, ոլորտում առկա ռիսկերը և դրանց բացահայտման և վերլուծության մեխանիզմները:

 

 

Սա հետաքրքիր ոլորտ է, և մեր վերլուծությունների միջոցով փորձեցինք հասկանալ, թե ոլորտում ինչ խնդիրներ, ռիսկեր կան: Գործընկերների հետ ոչ միայն փորձել ենք գնահատել ոլորտում առկա ռիսկերը, այլև մշակել ենք հիվանդությունների կանխարգելման համապատասխան քաղաքականություն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Ջրբաշյանը:

 

 

Խորհրդատվական ծառայություններ տրամադրած փորձագիտական խմբի ղեկավար Բոյկո Լիկովի խոսքերով' ուսումնասիրվել են կենդանածին ինֆեկցիաները և վերլուծվել սննդամթերքի միջոցով փոխանցվող հիվանդությունները: «Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում ոչխարների, այծերի, խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում առավել հաճախ հանդիպում է բրուցելոզ հիվանդությունը: Հիվանդացությունը 60-70 տոկոսով ավելի շատ է Հայաստանում գրանցվում, քան ԵՄ երկրներում: Ուստի մշակել ենք բրուցելոզի դեմ պայքարի համապարփակ ծրագիր»,- ասաց նա:

 

 

Սեմինարը նպատակ ուներ ներկայացնել Հայաստանում սննդային ծագման հիվանդությունների մասին հաշվետվության արդյունքները'ներառյալ ներկա իրավիճակի նկարագրությունը և հետագա գործողությունները, ինչպես նաև առկա առաջնայինսննդային ծագման հիվանդությունները, դրանց վերահսկման համակարգի ստեղծման հնարավորությունները, ոլորտում առկա ռիսկերը, դրանց բացահայտման և վերլուծության մեխանիզմները:

 


Երկօրյա սեմինարի ընթացքում իրականացվելու են համապատասխան պարապմունքներ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, «Սննդամթերքի անվտանգության ո լորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ինչպես նաև սննդային ծագման հիվանդությունների ոլորտում ներգրավված այլ աշխատողների համար:

 

 

«Հիվանդությունների վերահսկման կարողությունների հզորացում» ծրագիրը մեկնարկել է 2014թ. սեպտեմբերին և նպատակ ունի աջակցելու Հայաստանում սննդային ծագման հիվանդությունների հատուկ վերահսկման համակարգի ստեղծմանը: