ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Այսօր ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Վազգեն Սարգսյան պետական և քաղաքական գործիչը կանգնած էր Հայոց բանակի ստեղծման, Արցախյան ազատամարտում տարած հաղթանակի և անկախ Հայաստանի պետականության կայացման եւ ամրապնդման ակունքներում:
Այսօր՝ Սպարապետի մահից 16 տարի անց էլ հայ ժողովուրդը հիշում և իր հարգանքի տուրքն է մատուցում նրա վառ հիշատակին: Վստահ եմ, որ ապագա սերունդները ևս կշարունակեն Վազգենի սկսած գործը' հանուն Հայաստանի և Արցախի զարգացման ու հզորացման»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշել է Հովիկ Աբրահամյանը:
2015 թվականի մարտի 5-ին Վազգեն Սարգսյանը կնշեր իր ծննդան 56-ամյակը:
Սպարապետ Վազգեն Սարգսյանի միակ սերը հայրենիքն էր, սիրո պտուղը՝ հայոց բանակը: Վազգենը խորապես հավատում էր հայ ժողովրդի ուժին, համոզված էր, որ Հայաստանն ունի բավարար «հարստություն», որ դառնա բարգավաճ երկիր և նպատակ էր դրել իրականացնել դա:
Վազգենն իր ամբողջ էությամբ հայ էր, հայրենի հողին, ջրին նվիրված: Այսպիսին են հիշում սպարապետ Վազգեն Սարգսյանին նրա մտերիմներն ու ընկերները և վստահ են, որ նա այսպիսին կլիներ նաև այսօր, եթե «հոկտեմբերի 27»-ը չխլեր սպարապետի կյանքը: