ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայր Գրետա մայրիկը և Սպարապետի հայր Զավեն Սարգսյանը մշտապես մասնակցել են ԵԿՄ համագումարներին մանդատով, վճռական ձայնի իրավունքով: Գրետա մայրիկը որպես ԵԿՄ պատվավոր անդամ, որպես Սպարապետի մայր, հաճախ ելույթ է ունեցել համագումարներում` ողջունել և ոգևորել երկրապահներին: Բոլոր երկրապահները նրան ընդունում են, որպես հարազատ մայր: Նրա խոսքը' խորհուրդ ընկալում, որպես դաս, որպես երկրապահավարի ապրելու և գործելու կոչ: ԵԿՄ-ում համարում են, որ Սպարապետ ծնած մայրը երկրապահի մայր է, ազգի մայր է:
Լուրեր.com-ի լրագրողի փոխանցմամբ՝ ԵԿՄ 10-րդ համագումարին Գրետա մայրիկը առողջության պատճառով չի կարողացել մասնակցել: Բնական է, որ Երկրապահը' վարչության անդամներ, պատանի և երիտասարդ երկրապահներ, Գրետա մայրիկի զավակներն ու թոռները այցելել են Գրետա մայրիկին' ստանալու մեծ մոր օրհնանքի խոսքը:
Ներկայացնում ենք Գրետա մայրիկի շնորհավորանքի խոսքը:
Շնորհավորում եմ հայ ժողովրդին: Բոլորիս շնորհավորում եմ: Փառք ու պատիվ բոլորին, փառք ու պատիվ իմ Վազգենին, մեր բոլոր նահատակներին, փառք ու պատիվ մեր երկրապահին, որի 10-րդ հոբելյանական համագումարը կայացավ: Ափսոսում եմ, որ առողջությանս պատճառով չկարողացա մասնակցել, բայց հպարտ եմ, որ երկրապահը կա, գոյություն ունի, արդեն 10-րդ համագումարն է անում, իր 20-րդ տարեդարձն է արել, և երկրապահը կա ու պիտի լինի միշտ:
Շնորհավորում եմ Մանվել Գրիգորյանին, որ կրկին ընտրվել է Երկրապահի վարչության նախագահ, ուրախ եմ դրա համար, որովհետև նա արժանավայել շարունակում է իր ընկերոջ` Վազգենի գործը: Շնորհավորում են նորընտիր վարչությանը:
Հպարտ եմ հայ ժողովրդի զավակ երկրապահով, որի հավերժ նախագահն է իմ որդին` Վազգենը:
Երկրապահը գործով ապացուցել է ու պիտի նորից ապացուցի, պահպանի իր ձեռք բերածը, իր ձեռքբերումները, իր հզոր հաղթանակը, որը երբեք չենք ունեցել, հազիվ հաղթանակ տեսանք: Ուզում եմ, որ երկրապահը կանգուն լինի, հզոր լինի ու միշտ լինի իր երկրի, իր ժողովրդի թիկունքին, միշտ պահապան լինի երկրին, ժողովրդին ցանկացած պարագայում:
Հեռուստատեսությամբ տեսա, ուրախանում եմ երիտասարդ երկրապահներով: Հիանում եմ պատանի երկրապահներով: Վազգենիս ժառանգներն են: Գալիս է երկրապահի նոր սերունդը, Վազգենիս սերունդը: Շնորհավորում եմ բոլորին: Մայրական օրհնանքս եմ հղում երկրապահի երեք սերունդներին:
Երկրապահն իր առաքելությունը կատարել է պատերազմի ժամանակ' կռվել ու հաղթել է: Բանակ է ստեղծել և այսօր այդ բանակը կա: Իսկ հիմա էլ երկրապահը ապահովում է սերնդափոխությունը: Դա ամենակարևորն է: Պիտի հաղթանակը փոխանցվի այս սերունդին:
Բարի երթ երկրապահին, բարի երթ մեր բանակին, որ երկրապահի ծնունդն է, բարի երթ մեր ժողովրդին, լինեն հետագա հաղթանակներ ու ժողովրդի վիճակի բարելավում: Վազգենս ասում էր «Ցավը տանեմ իմ ժողովրդի, ապրող և ապրեցնող ժողովուրդ է: Ոչ մի եվրոպական ժողովուրդ չէր դիմանա էս արհավիրքներին, որ ինքը դիմացավ»,-բայց հիմա ժողովուրդը իրեն արժանի կյանքով չի ապրում, պետք է արժանի լինենք մեր ժողովրդին, այնպես անենք, որ նա իրեն արժանի կյանքով ապրի: Սա եմ կամենում ես մեր ժողովրդին, մեր երկրապահին, մեր բանակին:
Փառք ու պատիվ մեր երկրապահին: