ԵԿՄ 10-րդ համագումարից հետո ողջ Հանրապետության տարածքում անցկացվում են բաժանմունքների հաշվետու ընտրական ժողովներ: Ընթացող պրոցեսի վերաբերյալ Լուրեր.com -ը զրուցեց «Երիտասարդ երկրապահ» ակումբի փոխնախագահ Վաչիկ Հովսեփյանի հետ:


- Պարո′ն Հովսեփյան, կարծես առաջիկայում Հայաստանում համապետական ընտրություններ չկան: Ինչո՞վ է բացատրվում ԵԿՄ այսօրինակ ակտիվությունը:

 

- Իսկ Ձեզ ո՞վ ասաց, թե Երկրապահ կամավորականների միության գործունեությունը պայմանավորված է Հայաստանում ընտրությունների անցկացմամբ: Երկրապահն օրվա հրամայականով ստեղծված կառույց է: Մեր հայրերը, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով, շտապեցին ազատագրական պատերազմի: Հենց պատերազմի ժամանակ էլ ձևավորվեց ԵԿՄ-ն: Այսօր էլ Զորավար Մանվել Գրիգորյանն է պատվով շարունակում Սպարապետի գործը: Հարաբերական խաղաղ պայմաններում ևս ԵԿՄ-ն բազում անելիքներ ունի:


- Եկեք անդրադառնանք այս օրերին Հանրապետության բոլոր տարածքներում անցկացվող ժողովներին: Ի՞նչ նպատակ են դրանք հետապնդում:

 

- Սրանք հաշվետու ընտրական ժողովներ են: Մեր կանոնադրության պահանջն է, որ համագումարից հետո բոլոր բաժանմունքներում կայանան ժողովները, ընտրվեն տեղական խորհուրդներ, տեղական բաժանմունքների նախագահներ: Բոլոր այս ժողովներին մասնակցում են ԵԿՄ բոլոր շերտերի ներկայացուցիչներ' վարչության անդամներ, տեղական բաժանմունքների անդամ ազատամարտիկներ, երիտասարդներ, պատանիներ, մտավորականներ, զոհվածների մայրեր և այրիներ: Ժողովները ներկայացուցչական են, քանի որ ԵԿՄ անելիքներն էլ բազմածավալ են և բազմաշերտ: Բոլոր ժողովների ժամանակ ընթերցվում է Զորավարի շնորհավորանքը Սպարապետի ծննդյան 55-րդ տարեդարձի և գարնանային տոների' կանանց միամսյակի կապակցությամբ:


- Գո՞հ եք բաժանմունքներում տարվող աշխատանքից: Շա՞տ բացթողումներ կան:

 

- Ընդհանուր ուղղությունը միանշանակ ճիշտ է: Ես երիտասարդների ստորաբաժանման մասով Ձեր հարցին պատասխանեմ: Կա ոգևորություն: Երիտասարդ երկրապահների համար պատիվ է, որ շփվում են Արցախյան պատերազմի կենդանի լեգենդների հետ: Մեր երիտասարդները մասնակցում են բոլոր երկրապահական միջոցառումներին: Առանձնահատուկ խորհուրդ ունի մեզ համար ամենամյա ուխտագնացությունը, որի ժամանակ լինում ենք Արցախի, Տավուշի, Սյունիքի, բոլոր մարզերի սահմանամերձ բնակավայրերում, այցելում ենք զոհված հերոսների պատվին կանգնեցված խաչքարեր, հուշարձաններ: Պետք է ամեն ինչ անենք, որ այս ոգով դաստիարակվող, կրթվող երիտասարդների թիվը գերակշիռ լինի: Մեր էնտուզիազմով պետք է վարակենք ողջ հայ երիտասարդությանը: