Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափի յուրացում կատարելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները կդիմեն Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին ԼՈԻՐԵՐ․com–ի թղթակցի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։
Նա նշեց՝ միջնորդել են մինչև 20 մլն դրամ գրավով ազատ արձակել Գրիգորյանին․ «Յուրաքանչյուր փաստաբան իր վստահորդի իրական հնարավորություններից ելնելով գրավի գումար է առաջարկում՝ համաձայնեցնելով պաշտպանյալի հետ։ Այս պահի դրությամբ, երբ Գրիգորյանների ընտանիքի ողջ գույքն արգելանքի տակ է, իսկ Մանվել Գրիգորյանն օլիգարխ չէ, նրա ունեցվածքը չի կարելի համեմատել շատ այլ գործարար-պատգամավորների հետ, ուստի առաջարկվել է գումար, որը հնարավոր է հավաքել»,- ասաց Մկրտչյանը։
Փաստաբանը թունելի վերջում լույս է տեսնում։ Նրա կարծիքով՝ իրենք օրենքի դաշտում ճիշտ են, իսկ Մանվել Գրիգորյանի կալանքը չի բխում քրեական գործի անհրաժեշտությունից, այլ իրականացվում է ընտրովի արդարադատություն․ «Ակնհայտ է, որ ավելի ծանր մեղադրանքներով մեղադրյալները ազատության մեջ են, իսկ Գրիգորյանի նկատմամբ կա կանխակալ վերաբերմունք, ուստի պայքարում ենք դրա դեմ»։
Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանի կալանավորվելու պահին ունեցել է առողջական վատ վիճակ և կալանավորվելու հետևանքով վիճակն ավելի է վատացել․ «Մանվել Գրիգորյանը խոշտանգվում է, և դրա պատճառը դատավորն է։ Երբ մենք ասում ենք՝ մեր պաշտպանյալը դատական նիստերին չի կարողանում մասնակցել առողջության վատթարացման պատճառով, դատավորին չի հուզում դա։ Եթե նա խիզախություն ունենար ինքնուրույն որոշումներ ընդունելու, Գրիգորյանին կարող էր ազատ արձակել, սակայն ինքնուրույն որոշումներ ընդունելու իրավունքները որոշների համար այսօր էլ սահմանափակ են։
Ես դատավոր Մարինե Մելքոնյանին համեմատում եմ «Գարնան 17 ակնթարթը» ֆիլմի ֆաշիստ աղջկա հետ։ Նա հատուկ ծրագրավորված մարդկանց մահ է պատճառում, Արցախի ազատագրական պայքարի մասնակցած անձանց հանդեպ թշնամանք ունի, որն արտահայտում է խափանման միջոցները երկարաձգելով»,- ընդգծեց փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Սոնա Հարությունյան