ԵԿՄ նախկին նախագահ, զենք զինամթերք պահելու եւ յուրացումների մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանը այս երկու տարվա ընթացքում դարձել է անդամալույծ: Այս մասին այսօր' փետրվարի 3-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
«Խնդիրն այն է, որ այս երկու տարվա ընթացքում անձը դարձավ անդամալույծ եւ Հայաստանի բժշկությունն անզոր է գոնե կանխելու հիվանդությունների վատթարացումը, իսկ դա, արդեն, հանրահայտ փաստ է դարձել, ոչ մեկ էլ դա արդեն չի վիճարկում»,- ասաց նա:
Փաստաբանը հերքեց այն տեղեկատվությունը, որ Մանվել Գրիգորյանը կարճ ժամանակահատվածով տուն է գնացել ու հետ վերադարձել:
Փաստաբանի կարծիքով' ներկայումս Մանվել Գրգորյանին դանդաղ սպանում են, ինչն անթույլատրելի է:
«Եթե ապացուցվի այդ արարքը, որ Գրիգորյանը կատարել է, առաջին քար գցողը ես կլինեմ, բայց նաեւ պետք է գնահատել անձը, իր կատարած արարքը: Իզուր չէր, որ Վազգեն Սարգսյանը, ով ժլատ էր իր գովեստների մեջ, պաշտոնապես հայտարարեց, ասեց' ծանրության մեծ մասն ընկած է եղել Մանվելի վրա եւ նման պայմաններում անձին դանդաղ սպանել, դա անթույլատրելի է: Թող ապացուցվի իր մեղքը եւ եթե դատարանը գտնի' մեղավոր է, թող գնա երկարաժամկետ դատապարտվի»,- ասաց նա: