Դատարանը կայացրել է համարձակ և հեղինակավոր դատական ակտ՝ փրկելով Հայաստանին՝ Եվրոպական դատարանում «կարմրելուց»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխմանը, ասել է Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝
«Եթե դատախազությունը ներկայացնի գոնե մեկ ապացույց, որ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությանը կամ նոր հանցագործություն կատարել, ապա պաշտպանական կողմը կհորդորի նրան հետ վերադառնալ կալանավայր»,- ասաց պաշտպանը՝ անհեթեթություն որակելով Մանվել Գրիգորյանի՝ ազատության մեջ մնալու հետ կապված ասեկոսեները։
Վերջինս, անդրադառնալով ՀՔԾ հայտարարությանը, թե Մանվել Գրիգորյանը, մնալով ազատության մեջ, կլքի Հայաստանը, նկատեց. «Զավեշտը հասել է նրան, որ հայտարարում են, թե Մանվել Գրիգորյանը ազատության մեջ մնալով, կլքի ՀՀ-ն, և գիտե՞ք՝ ասում են՝ Մանվել Գրիգորյանը կմեկնի Արցախ։ Պաշտոնապես հայտարարում են, որ չենք կարող խափանման միջոց կալանքը փոխել, որովհետեւ կմեկնի Արցախ, իսկ Արցախն էլ պաշտոնապես հայտարարում են, որ Հայաստան չէ և ոչ մի իրավական մեխանիզմ չկա նրան այնտեղից բերելու: Դա վարույթն իրականացնող մարմնի վարկածն է»,- հայտարարեց Բաղդասարյանը: