ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։
Պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու պատճառը դատավորի դրսևորած վարքագիծն է։
«Դատարանը այսպիսով դարձել է գործիք պարոն Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների համար։ Այսօր դատարանը գործում է որպես գործադիր իշխանության գործիք։
Դա էլ չի թաքցվում, բացահայտ է արվում, նախորդ նիստից առաջ Ձեր նկատմամբ իրականացված ճնշումները ցույց տվեցին, որ Ձեզ զրկել են ձեր սեփական կամքից և Դուք այստեղ գործում եք դատարանի տեսքով, բայց ոչ բովանդակությամբ։ Դատարան բովանդակային առումով գոյություն չունի։ Մեր պաշտպանյալը ՀՀ-ում զրկված է դատարանի իրավունքից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ»,– նշեց նա։
Հայկ Ալումյանը հայտնեց՝ պատրաստվում են միջնորդել, որ Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ հայտնի. «Բացի այդ, հայտարարում եմ, որ այդ ամբողջ շարքի մեջ դատարանի նկատմամբ հերթական ճնշումներից մեկի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ գոյություն ունեն դռների տակ վնգստացող դատավորներ, այդ հանգամանքը իր հրապարակային ելույթում հաստատել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Ես դիմել եմ նրան՝ խնդրելով տրամադրել դռների տակ վնգստացող դատավորների ցուցակը։
Դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 7-ը, ժամը 13:00։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ (Շենգավիթի նստավայր), այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քորչարյանի փաստաբանական թիմի միջնորդությունը նրա նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ: