Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում 12 ոչխարների այսօր առավոտյան հոշոտել են ոչ թե գայլերը, այլ համայնքի տարածքում թափառող շները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը, Ադամյաններին պատկանող ոչխարները կեր ուտելիս են եղել փարախում, երբ նրանց վրա են հարձակվել թափառող շները: «Օրեր առաջ Արծվանիստում թափառող շները դարձյալ ունեցել էին նմանօրինակ «խրախճանք»: Այս ամենը մտահոգության առիթ է տալիս համայնքի բնակիչներին: Նրանք պահանջում են համապատասխան թույլտվություն' թափառող շներին ոչնչացնելու նպատակով»,- նշեց համայնքի ղեկավարը:
Սմբատ Ադամյանն առավոտյան մտել է փարախ ' ոչխարներին ջուր տալու, եւ տեսել շների արածը: Ադամյաններին պատկանող 17 ոչխարներից 4-ին թափառող շները հոշոտել էին, 8-ին' վնասել, որոնք, ամենայն հավանականությամբ, նույնպես սատկելու են: Շների նմանօրինակ ագրեսիվությունը զարմացրել ու վախ է առաջացրել նաեւ գրուղի բնակիչների մոտ. նրանք կարծում են, որ թափառող շների գոյությունը բացահայտ սպառնալիք է նաեւ համայնքի բնակիչների անվտանգությանը:
«Այսօր մեկ ոչխարը կարելի է ձեռք բերել 40-50 հազար դրամով: Ուրախացել էի, որ գարուն է եկել, հղի ոչպարները գառներ էին ծնելու, եկամուտ էի ունենալու: Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, շաբաթը ուրբաթից շուտ եկավ»,- նշեց Սմբատ Ադամյանը: Իսկ Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը հավաստիացրեց, որ համայնքապետարանն աջակցելու է տուժած ընտանիքին, միջոցներ են ձեռնարկվելու' համայնքի տնտեսությունները նմանօրինակ միջադեպերից զերծ պահելու ուղղությամբ:
Խոսրով Խլղաթյան