Արարատի մարզային փրկարարական վարչություն փետրվարի 25-ին ժամը 10:21-ին ահազանգ է ստացվել Մասիսի տարածաշրջանի Այնթապ գյուղի 15-րդ փողոցի 53 տան բնակիչ Խուդոյան Նաթելլայից այն մասին, որ թափառող շները հարձակվել են իր հավերի վրա:

 

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարների կողմից մի քանի ժամ իրականացված որոնողական աշխատանքներից հետո շները չեն հայտնաբերվել:

 

Բնակիչների խոսքով' վերոհիշյալ փողոցում անընդհատ շներ են թափառում, հաչում, հարձակվում մարդկանց վրա:

 

Մարզպետարանում գործող «Թեժ գծի» հեռախոսահամարով /0-235-2-68-50/ նույնպես պարբերաբար զանգեր են ստացվում թափառող շների վերաբերյալ: Նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում, Արարատի մարզում շները կծել են 105 քաղաքացու, որոնցից 26-ը երեխաներ են: Առողջապահական կառույցները ճիշտ ժամանակին 38 քաղաքացիների կատարել են «կատաղության» դեմ պատվաստումներ: Նրանց զգալի մասը պատվաստանյութի առաջին չափաքանակը ստանալուց հետո լավ է զգացել, չնայած դրան' շարունակվել է պատվաստումը:

 

Ավելի վաղ «Արմենպրես»-ը տեղեկացրել էր, որ մարզպետարանի առողջապահության վարչության եւ անասնաբուժական ծառայության համատեղ աշխատանքների շնորհիվ մարզում «կատաղություն» հիվանդության դեպք չի արձանագրվել: Զգալի աշխատանքներ են տարվում հատկապես թափառող շների հայտնաբերման եւ ստերջացման ուղղությամբ: Բոլոր միջոցառումները ձեռնարկում է Արարատի մարզային հիգիենիկ եւ հակահամաճարակային կենտրոնը:

 

 

Լիլիթ Մաճկալյան