Hraparak.am-ը գրում է.
ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Սյունիքի նախկին մարզպետ, հետո ինքնակամ պաշտոնից հրաժարված Հունան Պողոսյանը միայն մեկ անգամ է այցելել պայքարի մասնակիցներին, այն էլ՝ Ազատության հրապարակում նստացույց անող Արթուր Վանեցյանին, հայտնել է իր աջակցությունը եւ այլեւս չի գնում ցույցերին։ Հետաքրքրվեցինք, թե որն է պատճառը։ «Ես քաղաքական մարդ չեմ, ասել եմ՝ ես եկել եմ, իմ համերաշխությունն Արթուր Վանեցյանին հայտնել եմ ու աշխատում եմ հանրային վայրեր քիչ այցելել, ինտերվյուներ չտալ»,- ասաց նա։
- Բայց Դուք Փաշինյանի կողմից մարզպետ էիք նշանակվել, դա քաղաքականությո՞ւն չէր։
- Չէ, ես աշխատել եմ, հայրենիքիս օգտակար եմ եղել։
- Հիմա էլ ընդդիմությունը՝ նույն Արթուր Վանեցյանը, ասում են՝ հայրենիքը փրկության կարիք ունի։
- Ես էլ եմ ասում՝ հայրենիքը փրկության կարիք ունի։
- Եվ հայրենիքին պետք է օգտակար լինել։
- Ես իմ ձեւով իմ հայրենիքին օգտակար եմ լինում, մի գրամ մի կասկածեք։
- Իսկ ինչպե՞ս եք գնահատում շարժման ընթացքը։
- Սթափ մտածող, հայրենիքի ապագայով, ներկայով մտահոգ մարդկանց գործողություններ են, ու տա Աստված՝ էդ մարդիկ շատ լինեն մեր հայրենիքում, էդ մարդիկ են հայրենիքը պահում։
- Բայց այնքան շատ չեն, ասում են՝ նախկիններն են մեղավոր, որ շատ մարդ չի գալիս հրապարակ։ Ներկաներին մերժում ենք, բայց նախկինների վերադարձն էլ չենք ցանկանում։
- Դա էլ է տրամաբանություն, բայց դա ավելի շատ գործող իշխանությունն է տարածում։ Նախկին-ներկա չկա, պետք է լինի հանրային համերաշխություն։ Որ եկել էի Վանեցյանին իմ համերաշխությունը հայտնելու, մի երիտասարդ լրագրող եկավ, հարցեր տվեց, ասացի՝ էնպես չի, որ իշխանությունում բոլորն անպիտան են, ու էնպես չի, որ ընդդիմության մեջ բոլորը պիտանի են, հասկանո՞ւմ եք, ու էնպես չի, որ մենք ունենք էդ ռեսուրսը, էդ հնարավորությունը, էդ գիտելիքները։ Պետք է համախմբված հանրային համերաշխության գնանք։ Իսկ արդեն զտել՝ ով է պիտանի, ով է անպետք, ով է դավաճան, ով դավաճան չի, ժամանակի խնդիր է։
- Իսկ եթե վաղը սրանք հեռանան, ու նոր իշխանություն ձեւավորվի, Դուք Ձեր փորձը, գիտելիքները նորից կծառայեցնե՞ք մեր երկրին։
- Ես ո՛չ իշխանության եմ ձգտում, ո՛չ՝ պաշտոնի, Դուք դա լավ գիտեք։ 100 անգամ կրկնել եմ, էսօր էլ եմ կրկնում՝ ինձ համար պաշտոնը ժողովրդին ու պետությանը ծառայելու միջոց է։ Իմ բոլոր աշխատանքներում դա ապացուցել եմ։ Ես քաղաքականությունից զերծ եմ, զերծ էի, վաղն էլ եմ քաղաքականությունից դուրս լինելու։ Որպես մասնագետ եթե պահանջվի, առաջարկներ լինեն, կտեսնենք։
- Ես չեմ ուզում Ձեզ զոռով քաղաքականացնել, բայց Ազատության հրապարակում, կարծեմ, Ձեզ հիշեցրին, որ ժամանակին Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի «դմփ-դմփ-հու»-ին էիք մասնակցում։
- «Դմփ-դմփ-հու»-ն շահարկեցին մի քանի չկայացած, թրջված հավեր։ Ես ընդամենը բեմում ծափահարել եմ էդ ժամանակ։ Ձեռքերս վերեւ եմ բարձրացրել մի դրվագ, կողքինիս հետ խոսելով, եւ էդ նկարահանողը, որ կարծես թե էսօր արդեն դեպուտատ է, կադրը բռնեցրել էր։ Դա, անկախ ամեն ինչից, պետք չի լրջացնել, դա սպորտային ազարտի ձեւ էր ի սկզբանե, երբ որ էդ շարժման ժամանակ անում էին նրանք։ Իսկ շահարկողները մարդիկ են, որոնք թե՛ իշխանության մեջ կան եւ թե՛ հատկապես ընդդիմության որոշ շրջանակների։ Ես իրենց լավ եմ ճանաչում, իրենք ինձ չեն կարող ոչինչ ասել։
- Բայց այդ դրվագը մարդկանց գիտակցության մեջ մնաց, ու հետո դա նաեւ շահարկում են, Ձեր դեմ օգտագործում։
- Շահարկում են, բայց իրենք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, նորից եմ կրկնում՝ ընդամենը թրջված հավեր են։ Կարծես թե հանրապետության երկրորդ նախագահն է ասել, չէ՞, դրանց մասին՝ էդ հավերի, որ ուզում են աքլորանալ․ աքլորի վերջը հարիսան է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: