ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը կարծում է, որ Հայաստանի բնակչությունն առիթ կունենա հասկանալու, թե ինչ աղետ է կանխարգելվել Նորք-Մարաշում նոյեմբերի 25-ին հանցավոր խմբի հայտնաբերման շնորհիվ: Այս մասին փոխոստիկանապետը խոսեց դեկտեմբերի 14-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը:
«Մի խումբ է վնասազերծվել, որը շատ լուրջ ու առանձնապես ծանր հանցագործություններ էր պատրաստել»,- ասաց Հունան Պողոսյանը: Դիտարկմանն ի պատասխան, թե հնարավոր է առանձնապես ծանր հանցագործությունը բարձրաստիճան պաշտոնյաններին կողոպտելն էր, պաշտոնյան նշեց. «Գողություն անողները ռազմամթերքի նման քանակ չէին կուտակի»:
Անդրադառնալով դեպքի առնչությամբ հանրային արձագանքին՝ Հունան Պողոսյանը նկատեց, որ մարդիկ սկզբում թերահավատ էին, բայց հետո հասկացան, որ չարաչար սխալվել են: «Քաղաքացին երբեմն ակնատես է լինում, թե ինչպես են իր հարևանի տնից գողություն կատարում, բայց երբեք չի մոտենում ոստիկանությանը ու ասում բնակարանային գողության մասին, բայց երբ իր բնակարանից են գողություն անում, աղմուկ է բարձրացնում: Այս դեպքում էլ փորձեցին այդպես վերաբերվել»,- հավելեց փոխոստիկանապետը:
Անմեղության կանխավարկածն ու նախաքննության գաղտնիությունը հաշվի առնելով՝ Հունան Պողոսյանը չցանկացավ մանրամասնություններ հայտնել գործի ընթացքից, միայն նշեց, որ հանրային միջոցառումները շարունակվում են, նախաքննություն իրականցող մարմինը պատշաճ ժամկետներում իրազեկում կիրականացնի:
ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:
Նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Ոստիկանության հետ խուզարկությունների ընթացքում հայտնաբերել են տարբեր տեսակի ինքնաձիգեր,ատրճանակներ,նռնականետեր (այդ թվում«մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր ևպայթուցիկսարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝այդ թվում' զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության ևս 9 անդամներ, ովքեր ձերբակալվել են:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդհոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Դեկտեմբերի 8-ի դրությամբ' հանցավոր խմբավորման կալանավորված անդամների թիվը հասել է 25-ի: