Այսօր՝ Ազգային ժողովում, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ասաց, որ իր կարծիքով՝ հեղափոխությունը հասել է մարզեր: «Հեղափոխությունը մարզեր հասել է: Մեկ հոգին չի կարող հեղափոխություն անել, հեղափոխություն պիտի անեն բոլորը: Առաջին հերթին մենք հեղափոխություն պիտի անենք մեր մտածելակերպում»,-ասաց Պողոսյանը։

Լրագրողի հարցին՝ ի՞նչ շոշափելի արդյունքներ են գրանցվել այս տարի Սյունիքի մարզում, մարզպետն ասաց, որ, իր կարծիքով, ընդամենը մեկ տարում մեծ արդյունքների հասնելը դժվար է, բայց որ դրական արդյունքներ կան՝ ակնհայտ է․ «Տնտեսության մեջ բավականին նորմալ շարժ կա, այսօր էլ շտապում եմ, պետք է գնամ հերթական խորհրդակցության»,- ասաց Պողոսյանը։

Անդրադառնալով մարզում կատարված ներդրումային ծրագրերին՝ Պողոսյանն ասաց, որ ներդրման ծավալները շուրջ 3 մլրդ 400 մլն դրամ են կազմել. «Մարզի ներդրման չափաբաժինը մոտ 1 մլրդ 400 դրամ է եղել, կառավարության ներդրումը՝ շուրջ 2 միլիարդ դրամ»,- հավելեց Պողոսյանը։

Մարզպետը նշեց, որ մարզում ներդրումների համար ներգրավված են նախկին պաշտոնյաներ և՛ տեղից, և՛ արտերկրից․ «Ամեն ներդրում չէ, որ հողատարածքների հետ կապ ունի, տարբեր բնույթի առաջարկներ են լինում։ Բայց ավելորդ վարչարարություն, բյուրոկրատական քաշքշուկ բացառում եմ. եթե առնչվել եք նման դեպքերի, ուղարկեք ինձ մոտ»,-ասաց Պողոսյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ որոշ ներդրողներ չեն կարողանում ներգրավվել աշխատանքներում, քանի որ հողատարածքների խնդիր կա, և դրանք նախկինում էժան գներով վաճառվել են։

Ինչ վերաբերում է անցած տարիներին մարզում տիրող վախի մթնոլորտին՝ Հունան Պողոսյանն ասաց, որ հիմա այլևս նման մթնոլորտ չկա, նման հարաբերություններ չեն կարող լինել, և այսօր իրենք աշխատում են փոխըմբռնման համերաշխ մթնոլորտում։

Անդրադառնալով այն հարցին, որ հունիսի 21-ին եւ 22-ին ոստիկանները Սյունիքի մարզում տարբեր կասկածանքներով ոստիկանության բաժիններ բերման են ենթարկել 65 անձի, արդյո՞ք դրանք վարչապետի նշած սևազգեստ մարդիկ են եղել, մարզպետն ասաց՝ չի կարծում, թե միայն սևազգեստ մարդիկ են, այլ նաև ուրիշ հանդերձանք կրող և այլ մտածելակերպ ունեցող մարդիկ կարող են լինել։