«Իսլամական պետությունն» սկսել է ոչնչացնել ասորական Նեմրութ քաղաքի ավերակները: Այս մասին հայտարարել է Իրաքի զբոսաշրջության և հուշարձանների նախարարությունը: Համաձայն տեղեկությունների՝ ԻՊ-ի ահաբեկիչները մարտի 5-ի երեկոյան հարձակվել են Նեմրութ պատմական քաղաքի վրա և սկսել ավերածությունները: Նրանք օգտագործել են հատուկ տեխնիկա:

 

Պատճառած վնասների մասին դեռ կոնկրետ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

 

Նեմրութ քաղաքը հիմնադրվել է Ք. ա. 13-րդ դարում , այն գտնվում է Տիգրիս գետի ափին՝ Մոսուլ քաղաքի հարավ-արևելյան կողմում:

 

Վերջերս ԻՊ-ն ավերել էր Մոսուլի պատմական թանգարանը՝ տարբեր գործիքներով ջարդել-փշրելով հսկայական արձանները: Ավելի վաղ ԻՊ-ի ահաբեկիչները պայթեցրել էին Մոսուլի կենտրոնական գրադարանը՝ ոչնչացնելով շուրջ 10 հազար հատոր գիրք, որոնց թվում եղել էին եզակի նմուշներ:

 

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալԲաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: