Սույն թվականի մարտի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում կայացավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկման ենթարկվեց 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումները:

 

 

Հանձնաժողովի աշխատանքներին ներգրավված էին ոստիկանության երեք և մեկական ներկայացուցիչներ' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության և Արդարադատության նախարարության աշխատակազմերից: Հանձնաժողովը ղեկավարում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը:

 

 

Մանրակրկիտ վերլուծության ենթարկելով ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները' հանձնաժողովը որոշեց միջնորդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին' ոստիկանության 25 ծառայողների ըստ իրենց թույլ տված կարգապահական խախտումների բնույթի և ծանրության աստիճանի ենթարկել համապատասխան տույժերի: Հանձնաժողովի որոշման համաձայն' ոստիկանության 10 ծառայողներ ենթակա են ոստիկանությունում ծառայությունից ազատման, 9-ը' խիստ նկատողության, իսկ 6-ը' նկատողության: