«Իսլամական պետություն»-ն ազատ է արձակել մի խումբ քրիստոնյա ասորիների, ում առևանգել էր փետրվարի վերջին Սիրիայի Հասաքե մարզի Թել Թամեր գյուղից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին մարտի 6-ին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպան ության սիրիական մոնիթորինգի կենտրոնը:
Համաձայն տեղեկության՝ ԻՊ-ն ուրբաթօրյա աղոթքից հետո ազատ է արձակել գերի վերցրած ասորիներին: Ասորական համայնքի ներկայացուցիչը հաստատել է լուրը՝ նշելով, որ նրանք դեռ դուրս չեն եկել իսլամիստների հսկողության տակ գտնվող տարածքներից: Տեղեկություններ չեն հաղորդվում այն մասին, թե արդյոք ծայրահեղականները բոլորին են ազատ արձակել, թե' ոչ:
ԻՊ-ն փետրվարի 24-ին զինված հարձակում էր իրականացրել Թել Հորմուզ, Թել Շամիրամ, Թել Ռուման, Թել Նասրա, Ալ Աղիբաշ, Թումա Յալդա, Ալ Հաուզ գյուղերի վրա, որոնք գտնվում են Հասաքե մարզի արևմուտքում: Ահաբեկիչներն այրել են Թել Հորմուզի պատմական եկեղեցին, որը համարվում է Սիրիայի հնագույն եկեղեցիներից մեկը: Արաբական որոշ աղբյուրների տեղեկացմամբ' ահաբեկիչներն առևանգել են շուրջ 300 մարդու:
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: