«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից հունիսի 11-ին Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանում աշխատող, գերեվարված 49 անձինք ազատ են արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: 101 օրվա գերությունից հետո, սեպտեմբերի 20-ի առավոտյան, թուրքական հյուպատոսարանի աշխատակիցները բերվել են Շանլըուրֆա:

 

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն որոշում է կայացրել կիսատ թողնել Ադրբեջան կատարած պաշտոնական այցը և վերադարձել է Թուրքիա: Նա անմիջապես մեկնել է Շանլըուրֆա, որտեղ էլ հանդիպել է նախկին գերիների հետ:

 

Հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետն իր անձնական ինքնաթիռով նրանց հետ ուղևորվել է Անկարա: Նշվում է, որ Անկարայի «Էսենբողա» օդանավակայան են գալիս նախկին գերիների ընտանիքների անդամները' նրանց հետ հանդիպելու համար:

 

Հունիսի 11-ին իսլամիստական խմբավորման անդամները հարձակվել էին Մոսուլում թուրքական հյուպատոսարանի վրա: Արդյունքում' նրանք գերեվարել էին Թուրքիայի հյուպատոսին և հյուպատոսարանում աշխատանքի մեջ գտնվող Թուրքիայի 48 քաղաքացու: