Իրաքի Մոսուլ քաղաքում առեւանգված Թուրքիայի գլխավոր հյուպատոս Օզթուրք Յըլմազին եւ հյուպատոսության 49 աշխատակիցներին ազատ արձակելու դիմաց «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումը Թուրքիայից պահանջում է բաց թողնել իրենց մարտիկներին, որոնց մեջ են նաեւ 2014 թվականի մարտի 20-ին Նիղդեի Ուլուքըշլա բնակավայրում ենթասպայի, ոստիկանի եւ քաղաքացու սպանած եւ 2014 թվականի մարտին 25-ին ձերբակալված 3 ահաբեկիչներ: Այս մաս ին հայտնում է թուրքական «Սոզչու» թերթը' նշելով, որ եթե Թուրքիան ընդունի այդ պահանջը, ապա հնարավոր է ազատ արձակվի եւ գաղտնի կերպով ԻԼԻՊ-ին հանձնվի նաեւ այդ երեք ահաբեկիչներից Չենդրիմ Ռամադանը:
Շվեյցարիայի քաղաքացի հանդիսացող Չենդրիմ Ռամադանը քննիչներին ասել էր. «Ձեզ ցուցմունք չեմ տա, ես հաշվետու եմ միայն Ալլահին: Դուք բոլորդ բազմաստվածական եք: Ոստիկանին սպանելով' բարի գործ եմ կատարել», եւ հրաժարվել ստորագրել հարցաքննության արձանագրությունը' պատճառաբանելով, որ դրանով ինքը ծառայած կլիներ բազմաստվածականներին»: