Մարտուն Գրիգորյանը լուրջ չի վերաբերվում իր՝ Գյումրու քաղաքապետի ընտրություններին պատրաստվելու մասին լուրերին՝ նշելով, որ քաղաքապետի հետ նորմալ, մարդկային և ընկերական հարաբերությունների մեջ է: Բացի այդ, այս պահին, երբ դեռ քաղաքապետի ընտրություններին 2 տարի կա, Մարտուն Գրիգորյանն այս հարցն անմիտ է համարում: Այս մասին մարտի 6-ին կայացած ասուլիսի ժամանակ, լրագրողների հարցին ի պատասխան, նշեց ԱԺ պատգամավորը:
«Ես այդ լուրերին լուրջ չեմ վերաբերվում: Դա բարոյական էլ չեմ համարում, քանի որ հասկանալի աղյուրներից շրջանառության մեջ դրված լուրեր են: Այս պահին քաղաքապետն աշխատում է: Քաղաքապետի աշխատանքի լավ կամ վատ գնահատականը, բնականաբար, տալիս է ժողովուրդը, այդ մասին չեմ ուզում խոսել: Այս պահին, երբ դեռ 2 տարի կա քաղաքապետի ընտրություններին, բնականաբար, դա ես համարում եմ ավելորդ ու արհեստածին: Այդ լուրերը տարածում են, որպեսզի լարեն և սրեն իմ և քաղաքապետի հարաբերությունները: Պետք է հիասթափեցնեմ այդ ջանք ու եռանդ դնողներին՝ չի լինելու դա:
Ես ու քաղաքապետն աշխատելու ենք: Գյումրին ունի շատ խնդիրներ: Բավական է այն, թե ինչքան է Գյումրին պառակտվել, ինչի արդյունքում Գյումրին ու գյումրեցին տուժել են: Մենք պետք է հասկանանք դա՝ թե՛ մարզպետը, թե՛ քաղաքապետը, թե՛ բոլոր պատգամավորներն՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից և դիրքերից, բոլորը պետք է համախմբվեն մեկ խնդրի շուրջ»,- նշեց Մարտուն Գրիգորյանը:
Արմենուհի Մխոյան