Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը պատրաստ է հանուն Գյումրիի համագործակցել ցանկացած քաղաքական ու կուսակցական ուժի հետ: Այս մասին ապրիլի 6-ին Շիրակի մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց Մարտուն Գրիգորյանը՝ միևնույն ժամանակ ներկայացնելով իր կողմից՝ հանուն Գյումրու բարօրության իրականացվելիք ծրագրերը:

 

 

Առաջնակարգ խնդիր այս առումով երիտասարդ պատգամավորը տեսնում է, այսպես կոչված, թաղային կամ երկրորդական փողոցների վերականգնան մեջ, սակայն, ինչպես նշեց պատգամավորը ոչ թե սովորական ասֆալտապատման եղանակով, այլ սալապատման, ինչի օրինակը կա Արթիկում:

 

 

Այս տարբերակը, ըստ Մարտուն Գրիգորյանի, ոչ միայն ավելի արդյունավետ է, որակով, այլ նաև շահավետ: Գյումրու այս և այլ հիմնախնդիրների լուծման նպատակով Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ այսուհետ կգործի նաև «Հանուն Գյումրու և գյումրեցիների զարգացման» հասարակական կազմակերպությունը, որի անաչառ գործունեության երաշխիք պատգամավորը համարում է նաև լրագրողական այն ուշադրությունը, որը կա Գյումրիում: Ինչ վերաբերում է այդ աշխատաքների համար անհրաժեշտ գումարների հայթայթմանը, պատգամավորը նշեց, որ կգնա ցա նկացած խելամիտ առաջարկի, այդ թվում նաև՝ մարաթոնի, ինչպես ընթացքում առաջարկեցին լրագրողները՝ խոստանալով լինել առաջին ներդրողները:

 

 

«Նոր հիմնված կազամակերպությունը զբաղվելու է Գյումրու ու գյումրեցիների սոցիալական, քաղաքաշինական, մշակութային, առողջապահական և այլ ոլորտների խնդիրներով: Գյումրիի համար գործազրկության հաղթահարման հարցը շատ կարևոր է, կարևոր է նաև անօթևանության վերացման խնդիրը, բայց գյումրեցին այսօր ինչ-որ չափով այս ճանապարհի վերջը տեսնում է, և հույս ունի որ այդ ճանապարհի վերջը կհասնի:

 

 

Եթե մեզնից ամեն մեկն ասի, որ դա իմ գործը չէ, այլ մարզպետի կամ քաղաքապետի, բնականաբար, քաղաքապետը կմնա մենակ, իսկ նա մենակ ոչինչ չի կարող անել, դա կապ չունի քաղաքապետի անձի հետ, ինձ համար կարևոր է, որ քաղաքապետը կամ մարզպետը մենակ չլինի:

 

 

Համախմբվելն ամենաճիշտ տարբերակն է և, եթե ամեն մեկն իր հնարավորության սահմաններում ինչ-որ բան անի քաղաքի համար, ես ընդամենը կողջունեմ: Այս կազմակերպությունը չի ձևավորվել ընդդեմ մի կառույցի, այլ ձևավորվել է հանուն գյումրեցիների ու Գյումրու զարգացման: Ես հանդիպելու եմ մարզպետին ու քաղաքապետին, քննարկելու ենք խնդիրները, եթե կարողանանք միմյանց օգնել, մեր աշխատանքով, ինչ-որ բան անել՝ ուրեմն փառք ու պատիվ մեզ:

 

 

Եթե համագործակցություն չեղավ, ուրեմն մեր քաղաքն այսպես էլ մնալու է: Մենք բոլորս պետք է գործենք՝ հանուն քաղաքի մտածելու ու պայքարելու տարբերակով, այլ ոչ թե ընդդեմ նպատակի ու ծրագրով»,-նշեց Մարտուն Գրիգորյանը: