Ֆրանսիայի իշխանությունները մեկ միլիոն եվրոյով տուգանել են ազգային ավիափոխադրող Air France-KLM-ին, որի պատճառը ընկերության գործունեության վերաբերյալ տվյալներ թաքցնելն է: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Նման որոշում ուրբաթ օրը կայացրել է Ֆինանսական շուկաների վերահսկման վարչությունը, որին Ֆրանսիայում հաճախ «բորսայի ժանդարմ» են անվանում:

 

Ֆրանսիական իշխանությունների կողմից բացահայտված խախտումները վերաբերում են 2010-2011թթ.: Ստուգող օրգանների որոշման համաձայն՝ Air France-ի ղեկավարությունը չի հրապարակել նշված ժամանակաշրջանի համար ընկերության գործունեության և ֆինանսական ակտիվության մասին ամբողջական զեկույցը: Մասնավորապես, ավիափոխադրողը «ժամանակին չի հայտնել» և դրանով իսկ փաստացի թաքցրել է, որ չի կարող կատարել հայտարարագրված նպատակը և օպերացիոն շահույթը բարձրացնել 300 միլիոն եվրոյից:

 

Air France-ն արդեն հայտարարել է, որ մտադիր չէ բողոքարկել տուգանքը, սակայն իր ափսոսանքն է հայտնել, որ ավիափոխադրողի ներկայացուցիչների բերած փաստերն ուշադրության չեն արժանացել: Նրանք մասնավորապես պնդում են, որ «ներդրողների շահերը պահպանվել են»: