Հետաքննությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով հինգ կասկածյալներից երկուսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեևան: «Երեքը դեռևս պահպանում են կասկածյալի կարգավիճակը»,-ասել է նա:
Ֆադեևան հստակեցրել է, որ մեղադրանք է առաջադրվել Զաուր Դադաևին և Անզոր Գուբաշևին: Առայժմ չի հրապարակվում, թե որ հոդվածներով է նրանց մեղադրանք առաջադրվել:
ՌԴ-ում նախկինում քաղաքական բարձր պաշտոններ զբաղեցնող, իսկ ավելի ուշ ընդդիմադիր դաշտ անցած Բորիս Նեմցովն սպանվել է Մոսկվայի կենտրոնում փետրվարի 28-ի գիշերը: Հետաքննությունը դիտարկում է Նեմցովի սպանության մի քանի վարկածներ, այդ թվում' պատվիրված սպանություն: