ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, սպանության շարժառիթը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2015թ. օգոստոսի 31-ին Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 41-րդ շենքի 15-րդ բնակարանում հայտնաբերվել է 54-ամյա Վ. Աղաջանյանի դին՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

 

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն), որի շրջանակներում, կատարված սպանության կասկածանքով, ձերբակալվել է Ռ. Մկրտումյանը:

 

Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ. Մկրտումյանը Երևան քաղաքի Մարգարյան 41-րդ շենքի 14-րդ բնակարանում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած բացովի դանակով, բազմաթիվ հարվածներ է հասցրել նշված տան բնակիչ Վ. Աղաջանյանի կրծքավանդակի շրջանում՝ սպանելով նրան: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ռ. Մկրտումյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

 

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Ռ. Մկրտումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Ռ. Մկրտումյանի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

 

Ռ. Մկրտումյանի մասնակցությամբ դեպքի վայրում կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում նա նկարագրել է տեղի ունեցած իրադարձությունները։ Նախաքննությունը շարունակվում է: