Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների մասնակիցներից Կնյազ Ղազարյանն այս պահին արհեստական շնչառության տակ է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Այս մասին Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

 

Վերջինս տեղեկացրեց նաև, որ տուժածներից Գարիկ Ղազարյանը, ով Կնյազ Ղազարյանի եղբայրն է, ուսահոդի վնասվածք է ունեցել, նույնպես վիրահատվել է և տեղափոխվել հիվանդասենյակ:

 

Հիվանդանոց տեղափոխված երրորդ քաղաքացու՝ Գագիկ Ղուկասյանի վիճակը հարաբերական կայուն է գնահատվում:

 

Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով տարբեր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ՝ վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրող-ծակող գործիքներից: