Եվրամիությունը պատժամիջոց է սահմանել Սիրիայի վարչակարգի հետ մոտ հարաբերությունների մեջ գտնվող սիրիացի գործարար Ջորջ Հասվանիի նկատմամբ' մեղադրելով նրան այն բանում, որ նա նավթ է գնում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումից եւ վաճառում Ասադի վարչակարգին: Հասմանիի այդ պահվածքի համար ԵՄ-ն արգելանք է դրել Եվրոպայում նրա ամբողջ կարողության վրա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Ըստ ԵՄ-ի' Հասվանիի Սիրիայում գործող HESCO ընկերությունը միջնորդ է հանդիսանում Սիրիայի հետ ԻՊ-ի կնքած նավթային պայմանագրերում:
ԵՄ-ի հայտարարությունից հետո Հասվանին ժխտել է այդ պնդումները եւ տեղի ունեցածի համար մեղադրել Թուրքիային: Սիրիացի գործարարը հայտարարել է, որ ԻՊ-ից գնված նավթը միջնորդների միջոցով վաճառվել է ոչ թե Սիրիային, այլ Թուրքիային:
ԻՊ-ից Թուրքիայի նավթ գնելու մասին ավելի վաղ հայտնել էր նաեւ ամերիկյան եւ անգլիական մամուլը: