Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային համաժողովի անցկացումը պատվաբեր է, միաժամանակ պատասխանատու: Այն կնպաստի աշխարհում Հայաստանի' որպես ՏՏ զարգացած երկրի ճանաչմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: «Մենք սկսում ենք համաժողովի նախապատրաստական աշխատանքները: Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային համաժողովը բավականին խոշոր միջոցառում է, որի ժամանակ պրոբլեմային թեմաներ են քննարկվում, և որին ունկնդիր են 2.5 հազար պատվիրակներ ամբողջ աշխարհից: Համաժողովի ծրջանակում կազմակերպվում է նաև հատուկ ցուցահանդես, որտեղ ներկայացվում են աշխարհի լավագույն լուծումները: Սա կազմակերպելը և պատվաբեր է, և պատասխանտու»,-ասաց Կարեն Վարդանյանը:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019 թվականին (WCIT 2019) Հայաստանում անցկացնելու մասին համաձայնագրի ստորագրվեց Երևանում: Այն ստորագրեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի քարտուղար Ջիմ Պոյզանթը: Արարողությունը տեղի ո ւնեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում' մասնակցությամբ նախարար Կարեն Ճշմարիտյանի, փոխնախարար Էմիլ Տարասյանի:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի քարտուղար Ջիմ Պոյզանթը նախ շնորհավորեց ներկաներին' համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշման առիթով: «Համաժողովին, որ տեղի կունենա Հայաստանում, ակնկալում ենք առնվազն 60 երկրների ներկայություն, բոլոր պատվիրակները կներկայացնեն իրենց ձեռքբերումները: Տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ ազդեցություն ունեն կյանքի բոլոր ոլորտների զարգացման գործում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Ջիմ Պոյզանթը:

 

Հարցին ի պատասխան, թե ինչու Հայաստանը, Ջիմ Պոյզանթը նշեց, որ ալյանսի անդամ 80 երկիր իրավունք ունի համաժողովն իր երկիրում անցկացնելու հայտ ներկայացնել: «Հայաստանն ընտրելու ամենակարևոր չափորոշիչն այն է, թե որքան լուրջ եք տրամադրված այս ոլորտը զարգացնելու և այնտեղ ներդրումներ կատարելու ուղղությամբ: Դա է ամենակարևորը: Բացի այն, որ դուք ներկայացրել էիք լավ առաջարկ ու լավ փաթեթ, մենք տեսանք լուրջ մոտեցում. ահա թե ինչու ընտրվեց Հայաստանը»,- շեշտեց ալյանսի քարտուղարը:

 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, ով Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի տնօրենների խորհրդի նիստում ներկայացրել էր WCIT 2019-ը Հայաստանում անցկացնելու հայտը, նշեց, որ ներկայացման մեջ երեք բաղադրիչ է շեշտադրվել: «Առաջինը' Հայաստանը ներկայացվել է որպես ինովացիոն ավանդույթների երկիր, կարծում եմ' դա ներկայացման ամենաուժեղ կողմերից էր: Այն, իսկապես, տպավորիչ էր ոչ միայն մեզ համար' որպես հայերի, այլև աշխահի համար, քանի որ դրանք համաշխարհայի ն նշանակության ձեռքբերումներ են, հայտնագործություններ: Երկրորդն այն էր, թե մենք ինչ միջոցառումներ ենք իրականացնում տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնելու համար, առաջնահերթ կրթական ծրագրերը: Ներկայացման մեջ կարմիր գծով գնում էր Հայաստանի դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը, որի արդյունքում մենք հսկայական ձեռքբերումներ կունենանք ինժեներական կրթության ոլորտում»,- ընդգծեց Հայկ Չոբանյանը' հավելելով, որ Հայաստանում այս միջոցառման անցկացումն ավելին կտա, քան ավելի խոշոր ու կայացած երկրներին:

 

Որպես երրորդ բաղադրիչ նա մատնանշեց այն համգամանքը, թե այդ երեխաները ինչպիսի փոփոխությունների են պատրաստ: «Համոզված ենք, որ երեխաների մեջ ներդրվող ներուժը կբերի նրան, որ իրենք վաղը կկարողանան փոփոխություններ կատարել»,- ավելացրեց Հայկ Չոբանյանը:

 

Նրա դիտարկմամբ' համաժողովի օրերին' մոտ մեկ շաբաթ տեխնոլոգիական տոն է լինելու Հայաստանում: «Այստեղ են լինելու այդ ոլորտի հազարավոր մասնագետներ: Դա մեծ հնավորություն է ոչ միայն բիզնեսի, այլև կրթական ու ակադեմիական ոլորտի համար, մեր պատնիների, ուսանողների համար: Այդ օրերին անցկացնելու ենք «Դիջիթեք»-ը' ՏՏ ցուցահանդեսը, որը հնարավորություն կտա, որ պատվիրակներն անմիջականորեն շփվեն մեր ձեռքբերումների հետ»,- նշեց Հայկ Չոբանյանը:

 

Համաժողովի անցկացման վայրը դեռևս վերջնականապես հստակեցված չէ, բայց խոսք է գնում «Մերիդիան» կենտրոնի մասին, որը, Կարեն Վարդանյանի տեղեկացմամբ, բոլոր չափանիշներով համապատասխանում է համաժողովի վայրի պահանջներին:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն էլ նշեց, որ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կաշխատի համաժողովի բովանդակության մշակման ուղղությամբ: «Կստեղծվի աշխատանքային խումբ, որը կաշխատի հնարավորինս մատչելի ու համապարփակ ներկայացնել մեր ձեռքբերումներն ու աշխարհի միտումները»,- ասաց Էմիլ Տարասյանը:

 

2014 թվականին Ինֆորմացիոն տեխոլոգիաների ձեռնությունների միության կողմից հայտ էր ներկայացվել Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման համար: WCIT 2019-ը Հայաստանի մայրաքաղաքում անցկացնելու մասին որոշումն ընդունվեց 2014 թվականին սեպտեմբերին Մեքսիկայում' Տեղեկատվակաբն տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի տնօրենների խորհրդի նիստում:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառումներից է, որին մասնակցում են ՏՏ ոլորտի 2-3 հազար լիդերներ շուրջ 100 երկրներից:

 

WCIT-ն անցկացվում է 1978 թվականից' երկու տարին մեկ անգամ: 2000 թվականից մինչ օրս համաժողովն անցկացվել է, մասնավորապես, Թայվանում, Ավստրալիայում, Հունաստանում. ԱՄՆ-ում, Մալայզիայում, Նիդերլանդներում, Կանադայում և Մեքսիակայում: