Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անցկացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի կազմակերպչական աշխատանքներին նվիրված բարձր մակարդակի քննարկում, որի արդյունքում ստեղծվելու է միջգերատեսչական աշխատանքային խումբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, քննարկման ընթացքում Տիգրան Ավինյանը նշել է, որ այս տարվա հոկտեմբերի 6-9-ը Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը (WCIT 2019) կարևոր իրադարձություն է, քանի որ համաժողովը ոլորտի խոշորագույն և ամենահեղինակավոր միջազգային միջոցառումն է, որը անց է կացվում երկու տարին մեկ անգամ, և վերջին 10 տարում առաջին անգամ է տեղի ունենալու Եվրոպայում, այն է՝ Հայաստանում։ Սա հիանալի հնարավորություն է ընձեռնում դիրքավորելու Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացած և կենսունակ էկոհամակարգ ունեցող երկրների շարքում:
Փոխվարչապետի խոսքով՝ այս խոշորագույն միջոցառմանը հրավիրված են մասնակցելու հանրային և մասնավոր ոլորտի ավելի քան 2000 գործիչներ՝ շուրջ 60 երկրից: Այս տարվա համաժողովի թեմաներն են լինելու արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, թվային ապակենտրոնացումը, ազգային թվային օրակարգերը, խելացի քաղաքները և այլն: Համաժողովին մասնակցելու նպատակով արդեն իսկ հարյուրավոր ընկերություններ են գրանցվել, իսկ որոշ երկրների ներկայացուցիչների հետ քննարկվում են տաղավարներով կամ հովանավորչական ծրագրերով հանդես գալու ձևաչափերը։
Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ այս ամենը հաշվի առնելով, կառավարությունը և համաժողովի կազմակերպչական թիմը պետք է միասին աշխատեն՝ միջոցառումը ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար, ընդ որում յուրաքանչյուր գերատեսչություն պատասխանատու է լինելու իր ոլորտին առնչվող հատվածի կազմակերպման համար։ Տիգրան Ավինյանը հավելել է, որ արդեն իսկ առկա է Ֆրանկաֆոնիայի համաժողովի կազմակերպման հարուստ փորձը ու դրանով սահմանված բարձր նշաձողը, և Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով ոչնչով չի զիջելու այլ կարևոր միջոցառումներին, դեռ ավելին՝ պետք է ձգտել նոր նշաձող սահմանելուն։