Հայաստանում փաստացի արձանագրվեց հերթական արյունոտ ընտրական գործընթացը: Բարեբախտաբար, արյունը մարդկային կյանք չարժեցավ, եւ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը ողբերգական ավարտ չունեցավ: Ի՞նչ ավարտ կունենա մահափորձի քննությունը՝ կախված է իրավապահների աշխատանքից:
Բայց երեւի թե կասկած չկա, որ ինչպես էլ աշխատեն իրավապահներն ու ինչ էլ բացահայտեն, հանրության շրջանում միեւնույն է լինելու է պաշտոնական որեւէ վարկածի հանդեպ թերահավատություն, եւ շրջանառվելու են այսպես ասած «ինքնավար» վարկածներ՝ հիմնականում քաղաքական ենթատեքստերով:
Դա նաեւ բնական է, որովհետեւ ի վերջո մահափորձ է տեղի ունեցել նախագահի թեկնածուի հանդեպ, նախագահի ընտրարշավի գրեթե կեսին, արտաքնապես բավական հանդարտ, բայց ներքին բավական մեծ լարվածություն պարունակող ներքաղաքական եւ նույնիսկ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Հայաստանի շուրջ տեղի են ունենում դինամիկ զարգացումներ, երբ Հայաստանի իշխանության հետ աշխույժ աշխատանքի ջանքեր են գործադրում աշխարհաքաղաքական բեւեռները, երբ նրանք փորձում են հնարավորինս մեծ ազդեցություն ունենալ նախագահի ընտրության գործընթացում:
Այդ ամենը ընթանում է բավական տեսանելի հունով եւ թերեւս տրամաբանական է, երբ այդ վիճակում տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունն անգամ ամենաապաքաղաքական պատճառի պարագայում էլ ենթարկվելու էր քաղաքական պրիզմայով տարաբնույթ դիտարկումների:
Ամենաուշագրավ պահն իհարկե Սահմանադրության 52-րդ հոդվածն է, որտեղ խոսվում է այն մասին, որ եթե նախագահի թեկնածուներից որեւէ մեկի համար անհաղթահարելի խոչընդոտ է առաջանում, ընտրությունը հետաձգվում է երկու շաբաթով, իսկ խոչընդոտը այդ ընթացքում էլ չվերանալու դեպքում, նշանակվում է նոր ընտրություն՝ երկշաբաթյա տվյալ ժամկետի ավարտից քառասուն օր անց:
Այդ դրույթն արդեն իսկ հայտնվել է մամուլի, փորձագետների ուշադրության կենտրոնում, եւ բոլորին հետաքրքրում է հարցը, թե արդյոք նախագահի ընտրությունը կհետաձգվի: Առայժմ հենց այդ դրույթն էլ կարծես թե դարձել է նախնական «ոչ պաշտոնական» վարկածների «մեխը»: Հասարակական-քաղաքական շրջանակները տեղի ունեցածի տաք հետքով քննարկումներում շոշափում են առավելապես հենց այդ հարցը եւ փորձում հասկանալ, թե արդյոք որեւէ մեկին կարող էր պետք լինել այդօրինակ արտառոց իրավիճակ ընտրական գործընթացում՝ ընդհուպ գործընթացը ժամանակագրական փոփոխությունների ենթարկելու պարտադրանքը:
Անհատապես Պարույր Հայրիկյանի մասով իհարկե քաղաքական մահափորձի մոտիվների հարցում կարծես թե ենթադրյալ վարկածների շրջանակը մեղմ ասած մեծ չէ, որովհետեւ Հայրիկյանը լինելով ճանաչված թեկնածու, այդուհանդերձ կարծես թե վարկանիշային առաջատար չէր: Առավել եւս, որ նա ընդամենը մահափորձի նախօրեին հայտարարել էր, որ անգամ պատրաստ է իր թեկնածությունը հանել հօգուտ ընդդիմադիր միասնական թեկնածուի:
Ներկայում, ընտրությունների հետագա ճակատագիրը թերեւս կախված է այն բանից, թե ինչ կորոշի Հայրիկյանն ինքը: Եթե նա իրավիճակը գնահատի իր համար որպես անհաղթահարելի խոչընդոտ, ապա այստեղ արդեն ընտրությունը կհետաձգվի առնվազն երկու շաբաթով: Չի բացառվում նաեւ, որ դեռեւս նախօրեին իր թեկնածությունը հանելու պատրաստակամություն հայտնած Պարույր Հայրիկյանը գնա այդ քայլին՝ ընդդիմադիր մյուս թեկնածուներին այսպես ասած ռիթմից չգցելու, ինչպես նաեւ մահափորձի հնարավոր շարժառիթը չարդարացնելու համար:
Սակայն, անկախ ամեն ինչից՝ կհետաձգվի ընտրությունը, թե ոչ, այն արդեն արյունոտ է, եւ դա իր ստվերը թողնելու է ընտրական գործընթացի, դրա հանդեպ ներքին ու արտաքին վերաբերմունքի վրա: Եվ այդ իմաստով իհարկե անկասկած է, որ տեղի ունեցածը՝ անկախ շարժառիթից ու պատճառից, քաղաքական լուրջ հարված է առաջին հերթին իշխանությանը՝ Սերժ Սարգսյանին, որ բավական հավակնոտ եւ շռայլ խոստումներ էր տալիս ընտրության որակի կապակցությամբ:
Գլխավորն իհարկե այն է, որ Պարույր Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Միեւնույն ժամանակ, շատ կարեւոր է նաեւ պետության անվտանգության խնդիրը: Քանի դեռ մահափորձը բացահայտված չէ եւ հնարավորինս համոզիչ պատասխաններ տրված չեն, կարելի է ասել, որ որոշակիորեն վտանգված է պետության կյանքը: Նախընտրական շրջանում նախագահի թեկնածուներից մեկի դեմ կատարված մահափորձը փաստացի ոտնձգություն է ազգային անվտանգության դեմ, եւ այդ առումով իրավապահներն ունեն անելու շատ բան, ընդ որում անելու հնարավորինս օպերատիվ: