ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մարտի 9-ին ընդունել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Շմուել Մեիրոմին եւ Իսրայելի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի եւ Ասիայի երկրների բաժնի ղեկավար Օդեթ Ժոզեֆին:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմից, Արտակ Զաքարյանը կարեւորել է Ազգային ժողովի եւ Կնեսետի միջեւ առկա հարաբերությունների զարգացումը եւ ակտիվացումը՝ նշելով, որ դրանք շատ պասիվ վիճակում են գտնվում: Հանձնաժողովի նախագահը նաեւ խոսել է երկու ժողովուրդներին կապող ընդհանրություններից, որոնցից են ընդհանուր պատմությունը եւ խնդիրները:

 

 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին' Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ ապրիլին Կնեսետի նորընտիր պատգամավորները՝ որպես Ցեղասպանություն ապրած ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ, կմասնակցեն Հայոց ցեղասպանության զոհերի՝ Երեւանում կայանալիք հիշատակի եւ ոգեկոչման արարողություններին: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորել է եւ 100-րդ տարելիցին ընդառաջ առավելեւս կարեւորում է բարեկամ երկրների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ:

 

 

Հյուրերը եւս ընդգծել են հայ-իսրայելական խորհրդարանական հարաբերություններն ակտիվացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել աջակցելու համագործակցությանը փոխադարձ կարեւորություն ունեցող տարբեր ոլորտներում: Օդեթ Ժոզեֆը հույս է հայտնել, որ նորընտիր Կնեսետը կակտիվացնի հայկական խորհրդարանի հետ հարաբերությունները:

 

 

Հյուրերը վերահաստատել են Արտակ Զաքարյանին՝ Իսրայել այցելելու իրենց հրավերը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նաեւ անդրադարձել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը եւ ակնկալիքներին, խոսել տարածաշրջանային խնդիրներից եւ Հայաստանում հրեական համայնքից: