Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին Պոմպեոն ասել է հարցազրույցի ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը վտանգավոր համարելով այն համատեքստում, որ խնդրին իր ռեսուրսներով միջամտել է նաև Թուրքիան:
«Դա վտանգավոր է: Մենք այժմ ունենք Թուրքիա, որը միջամտել է և ռեսուրսներ տրամադրել Ադրբեջանին' մեծացնելով ռիսկը, մեծացնելով կրակային հզորությունը, որն առկա է պատմական հակամարտությունում: Լեռնային Ղարաբաղ կոչվող փոքրիկ վայր' մոտ 150 հազար բնակչությամբ»,- նշել է Պոմպեոն:
Պետքարտուղարը հավելել է, որ այդ հակամարտությունը երկար տարիների պատմություն ունի, որի լուծումը պետք է տեղի ունենա բանակցությունների ու խաղաղ քննարկումների միջոցով:
«Դա երկար ձգվող հակամարտություն է: Այս հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների ու խաղաղ քննարկումների միջոցով, այլ ոչ թե ռազմական բախման, և, իհարկե, ոչ երրորդ երկրների միջամտությամբ, որոնք պատրաստ են կրակի վրա յուղ լցնել: Մենք հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից ու նրանք կհասնեն իրական հրադադարի, հետո կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կփորձեն հասկանալ այդ պատմական և բարդ խնդիրը»,- ասել է պետքարտուղարը: