ՀՀ սփյուռքի հանձնակատարի գրասենյակ են դիմել Իրանում բնակվող, Հայաստանի քաղաքացիություն չունեցող հայեր՝ Հայաստան տեղափոխվելու համար: Պետությունը փորձում է նրանց օգնելու ձևաչափ գտնել: Փոխանցմամբ՝ այս մասին Կորոնավիրուսի կանխարգելման հարցերով հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Սփյուռքից դիմումներ կան, սակայն շատ քիչ: Անձ կա, որ Իրանում է բնակվում, ՀՀ քաղաքացի չէ, և ուզում է ինչ-որ ձևով Հայաստան գալ: Փորձում ենք այդ մարդկանց օգնելու ձևաչափ գտնել, սակայն դժվար է օգնել այն իմաստով, որ քաղաքացի չեն: Եվ մենք այն աստիճանի պարտավորություն չունենք, ինչպիսին ունենք ՀՀ քաղաքացիների նկատմամբ»,-ասաց Սինանյանը:
Հիմնականում դիմում են Իրանից: 5-ից քիչ են դիմել: Հանձնակատարը վստահեցրեց, որ փորձում են այդ մարդկանց օգնելու ձևաչափ գտնել, սակայն դեռ չունեն:
Կիրակի օրը Իտալիայից Հայաստան կտեղափոխվեն ՀՀ 100 քաղաքացի:
Հայաստանում այս պահին գրանցված է կորոնավիրուսի հաստատված 6 դեպք: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Եվս 3 դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 11-ին, 2 դեպքի մասին՝ մարտի 12-ին: Մարտի 13-ին կրթական հաստատություններում դասերը դադարեցվել են: