Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Փարիզում մարտի 25-28-ը կկայանա «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ. 1915-2015թթ. հետազոտության 100 տարի» խորագրով գիտաժողովը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամ Մուրադ Փափազյանը նշեց, որ 4-օրյա գիտաժողովը կանցկացվի Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի պատվո նախագահությամբ:

 

 

«Ֆրանսուա Օլանդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման համար մեծագույն ներդրում ունի: Այս գիտաժողովն էլ կանցկացվի նրա հովանու ներքո, եւ շատ կարեւոր է, որ գիտաժողովի բացմանը Ֆրանսիայի կրթության նախարարը կընթերցի Օլանդի ուղերձը»,- ասաց Փափազյանը: Գիտաժողովի մեկնարկը կտրվի Սորբոնի համալսարանում: Այնուհետեւ քննարկումները կշարունակվեն Ազգային գրադարանում եւ Հրեաների ցեղասպանության թանգարանում:

 

 

«Գիտաժողովի նպատակն այն է, որ չորս օր շարունակ ներկայացվեն Հայոց ցեղասպանության մասին այն բոլոր գիտական աշխատանքները, որոնք կատարվել են վերջին տասնամյակների ընթացքում»,- ընդգծեց Մուրադ Փափազյանը:

 

 

Գիտաժողովում ելույթներ կունենան հայ եւ օտարերկրացի ցեղասպանագետներ, փորձագետներ, պատմաբաններ: Թուրքիայից միջոցառմանը կմասնակցեն Ռագըփ Զարաքոլուն եւ Թաներ Աքչամը: