Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կստեղծվի Մեծ Եղեռնի Հիշողության կենտրոն: Նախաձեռնությունը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբինն է' Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի աջակցությամբ:
«Ֆրանսուա Օլանդն այս ծրագրի մղիչ ուժն է: Նա ցանկանում է, որ այս նախաձեռնությունն իրականություն դառնա: Երբ համայնքի անդամները 2012թ. հանդիպեցին Ֆրանսիայի նախագահին, այս հարցը նույնպես քննարկվեց, եւ նա հաստատեց ծրագիրը: Այս տարիների ընթացքում նա միշտ հետաքրքրվում է, թե ծրագիրը որ փուլում է: Նա հանձնարարել է Փարիզի քաղաքապետարանին աջակցել այս հարցում եւ տարածք տրամադրել այս կենտրոնի համար: Փաստորեն, պետության ուժերը մեկտեղված են, որպեսզի այս կենտրոնի ծրագիրը կյանքի կոչվի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի հանձախմբի անդամ Մուրադ Փափազյանը' հավելելով, որ այժմ կողմերը համապատասխան կառույց են ման գալիս: Պայմանավորվածության համաձայն' Փարիզի քաղաքապետարանը շենք է տրամադրելու հայ համայնքին' կենտրոնի բացման համար, սակայն կառույցը պատկանելու է ոչ թե համայնքին, այլ քաղաքապետարանին:
Մուրադ Փափազյանը շեշտում է, որ Հիշողության կենտրոնի նախաձեռնությունն ամենայն հավանականությամբ իրականություն կդառնա աշնանը: Հիշողության կենտրոնում կգործեն ցուցասրահ, աշխատասենյակներ, որտեղ ուսանողները կկարողանան ուսումնասիրություններ կատարել, նաեւ դահլիճ, որտեղ կանցկացվեն կոնֆրենասներ, դասախոսություններ, հանդիպումներ Հայ դատի հանձնախմբի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Թեպետ հիշողության կենտրոնը նվիրված է լինելու Հայոց ցեղապանությանը, սակայն նախատեսվում է, որ միջոցառումներ եւ դասախոսություններ կանցկացվեն մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների մասին:
Բացի Հիշողության կենտրոնի բացումից, Ֆրանսիայում 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերը բազմաթիվ են: Մարտին Սորբոնի համալսարանում կկայանա չորսօրյա միջազգային կոնֆերանս: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ երեք ամիս շարունակ Փարիզի քաղաքապետարանում կցուցադրվեն թանգարանի ցուցանմուշները: «Կան հարյուրավոր այլ ձեռնարկեր. ցուցահանդեսների անցկացում, գրքերի հրատարակում:
Բազմաթիվ հեռուստաընկերությունների հետ պայմանավորվածություն կա Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր ցուցադրելու առնչությամբ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որպեսզի Ֆրանսիայի ամենախոշոր լրատվամիջոցները ոչ միայն լուսաբանեն այդ միջոցառումները, այլեւ առանձին հոդվածներով անդրադառնան Հայոց Ցեղասպանության տարելիցին»,- ասաց Մուրադ Փափազյանը' հավելելով, որ 100-րդ տարելիցի ոգեկոչումը պետք է ծառայեցնել ի նպաստ Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ հատուցման:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ