Ֆրանսահայ «Կապույտ խաչ» միության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում և Կանանց միջազգային օրվա առթիվ Փարիզի Երևանյան պուրակը մարտի 8-ին համալրվել է հարյուր վարդենիներով' ի հիշատակ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հայ կանանց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Կոմիտասի արձանի հարևանությամբ տեղի է ունեցել հուշակոթողի բացման արարողություն, որը գլխավորել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և Ֆրանսիայում ՀՀ դեպան Վիգեն Չիտեչյանը: Միջոցառմանը ներկա են եղել Փարիզի քաղաքային խորհրդի բազմաթիվ անդամներ, հասարակական-քաղաքական ու պետական գործիչներ, մշակութային ու լրատվական շրջանակների ներկայացուցիչներ, հարյուրավոր ֆրանսահայեր ու փարիզեցիներ։

 

Դեսպան Չիտեչյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Փարիզի, ինչպես նաև ողջ Ֆրանսիայի իշխանություններին' ծագումով հայ իրենց քաղաքացիների նախնիների հիշատակի հանդեպ ընդգծված հոգատար վերաբերմունքի և մշտական ուշադրության համար։

 

Ելույթներին հաջորդել է հուշաքարի հանդիսավոր բացումը, որի վրա գրված է. «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայուհիների, նրանց, ովքեր անհետ կորան, ինչպես և նրանց, ովքեր փրկվեցին և փոխանցեցին հիշողությունը»: