Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ապրիլի 23-ին մատուցվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ, այնուհետև Նինոծմինդայի շրջանային մշակույթի տան բակում տեղի է ունեցել հուշակոթողի օծման հանդիսավոր արարողություն, որն անցկացրել են Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի ընդհանուր Առաջնորդական փոխանորդության փոխառաջնորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը նշել է. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի տեղադրումը Նինոծմինդայում հիրավի պատմական իրադարձություն է: Սա ևս մեկ քայլ է մեր բարեկամ երկրի հասարակության կողմից Հայոց Մեծ Եղեռնի ճանաչման և դատապարտման պատմական անհրաժեշտության ընկալման ուղղությամբ: Արդարության վերականգնումը բարոյական չափանիշների վրա հիմնված գաղափար է։ Իրավունքն ու քաղաքական նպատակահարմարությունը ոչ թե պետք է հակասեն միմյանց, այլ համալրեն, որովհետև արդար իրավունքի սկզբունքը բնորոշ է զարգացած և քաղաքակիրթ պետություններին: Մենք աշխարհի բոլոր պետություններին վճռականորեն կոչ ենք անում միացնել իրենց ձայնը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման պահանջին և դատապարտել Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության փաստի ժխտողական քաղաքականությունը, քանի որ այն ուղղված է միջազգային իրավունքի և արդարության հաղթանակի դեմ»։
Արարողությանը մասնակցել են Վրաց ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի Կումուրդոյի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նիկոլոզը, ջավախքցի գործարար, բարերար Արմեն Ղարսլյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային բազմաթիվ գործիչներ, հայ և վրաց եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Վրաստանի խորհրդարանի և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, գործարարներ, Հայաստանից և Թբիլիսիից ժամանած հյուրեր և ջավախահայության մեծաթիվ ներկայացուցիչներ: