Ֆլորենցիա քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցասրահ կբացվի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամի հրավերով մարտին ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում մասնակցել է հիմնադրամի փորձագետների 17-րդ միջազգային համաժողովին, որտեղ ներկայացրել է մշակութային զբոսաշրջության ոլորտում իրականացված աշխատանքները և 2015-2017 թթ. գործունեության հիմնական ուղղությունները: Համաժողովին մասնակցել է 23 երկրի շուրջ 70 ներկայացուցիչ:

 

Համաժողովին քննարկվել են մշակութային զբոսաշրջությանը վերաբերող հարցեր' «Միասին ուսումնասիրենք մեր անցյալը, որպեսզի միասին կառուցենք մեր ապագան» խորագրի նեքո: Քննարկումների առանցքում էին երիտասարդ սերնդի ներկայացուցիչների փոխայցելություններին ու երկխոսությանը, մշակութային զբոսաշրջությանը, սեփական և աշխարհի ժողովուրդների պատմության ու մշակութային ժառանգության հանդեպ հարգանքի քարոզչությանը վերաբերող հարցեր: Փորձագետների համոզմամբ, զբոսաշրջության' մշակութային, սպորտային, գաստրոնոմիական ուղղությունները հնարավորություն են տալիս ավելի մոտիկից ծանոթանալու տվյալ երկրի և նրա բնակիչների մշակութային առանձնահատկություններին:

 

Համաժողովի շրջանակում քննարկվել է նաև «Կյանքը տուրիզմից այն կողմ» ծրագիրը. զեկուցումներով հանդես են եկել ոլորտի հեղինակավոր միջազգային փորձագետներ: Քննարկմանը հաջորդել է «Բոսնիայի և Հերցեգովինայի ժառանգությունը և բազմազանությունը», «Աբխազիայի Հանրապետության տարածքի կենցաղին բնորոշ սննդամթերքները, ճաշատեսակները և մատուցման ձևերը» խորագրերով շնորհանդեսը: Այնուհետև, «Եգոր Գայդար» հիմնադրամի կողմից ցուցադրվել է «Կայսրության կործանումը» ֆիլմը, իսկ Ֆլորենցիայի երաժշտական ակադեմիան հանդես է եկել «Ճարտարագիտություն և երաժշտություն» խորագիրը կրող համերգով:

 

Մարտի 17-ին, Ֆլորենցիայում, Հայասատանի Հանրապետության ազգային պատկերասրահի և «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը և «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամի նախագահ Պաոլո Դել Բիանկոն: Կողմերի միջև ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն առաջիկայում Ֆլորենցիա քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համատեղ ցուցասրահի բացման վերաբերյալ:

 

Գավրիլիայի քաղաքապետարանի առջև ժամանակավոր տեղադրված է քանդակագործ Վիգեն Ավետիսի «Մայր Հայաստան» արձանը' նվիրված Հայոց մեծ եղեռնին: Մարտի 18-ին, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը Վիգեն Ավետիսին հանձնել է ՀՀ մշակույթի նախարարության պարգևը' «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալը և պատվոգիրը' արտերկրում հայ մշակույթը ներկայացնելու և հանրահռչակելու, հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում ունեցած ավանդի համար: Հանձնման արարողությանը մասնակցել են Գավրիլիայի քաղաքապետ Լեոնարդո Սանին և քա ղաքի մի շարք մշակութային գործիչներ:

 

Գավրիլիայի թատրոնում նախատեսվում է բեմադրել Մասսիմո Լիպպիի' Հայոց ցեղասպանության թեմայով ներկայացումը: