Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանում վերահասատատեց կոչը' միակ լուծումը Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Նա դա հայտարարեց նախագահական նստավայրում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Հարցը հնչեցրեց հայ լրագրողը. «99-րդ տարելիցի նախօրեին նախ Թուրքիայի վարչապետը, ապա արտգործնախարարը հանդես եկան անսպասելի հայտարարությամբ, որը որոշ շրջանակներ գնահատեցին որպես քայլ առաջ, մինչդեռ մեզ մոտ' Հայաստանում, հաշվի առնելով նախկին փորձը, սա չհամարեցին որպես հաշտեցմանն ուղղված փորձ, այլ ընդամենը հերթական փորձը' մոլորեցնելու միջազգային հանրությանը' Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: Չե՞ք կարծում, որ եթե Թուրքիան իսկապես անկեղծ ցանկանում է կարգավորել հարաբերությունները, ապա պետք է ընդամենը քաղաքական կամք դրսևորի և վավերացնի բանակցված և ստորագրված արձանագրությունները»:

 

Ֆրանսուա Օլանդը նշեց, որ միակ ճանապարհը' Հայոց ցեղասպանության ճանաչումն է: «Այս մասին ես արդեն ասացի, երբ վարչապետ Էրդողանն արեց այդ հայտարարությունը: Ես միշտ դրական կողմն եմ փորձում տեսնել այս նշաններում, և դա այդպես է նաև այս պահին: Բայց իհարկե կենտրոնական հարցը կարծում եմ այն էր, որ ջարդերը պետք է անվանել որպես ցեղասպանություն: Պետք է մի լուծում, դա Ցեղասպանության ճանաչումն է»,- ասաց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

 

Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերահաստատեց 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը մասնակցելու պատրաստակամության մասին: Նա ասաց, որ դա խաղաղության և համերաշխության կոչ է' ուղղված մի ազգի, որը տեսել է տառապանքներ: «Սա աշխարհին ուղղված կոչ է, որ ապագայում նման ողբերգական իրադարձություններ այլևս չպետք է կրկնվեն: Այս այցելությամբ Ֆրանսիան ևս մեկ անգամ վերահաստատում է, որ բոլոր ցեղասպանությունները պետք է դատապարտվեն, որպեսզի բացառվի դրանց հետագա կրկնումը»,-նշել է Օլանդը: