«Հայկական մոտոցիկլիստների ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական խմբի անդամները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը կհարգեն Հայաստանում և ԱՄՆ-ում:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց բարեգործական ակումբի հիմնադիր-անդամ Հարութ Բոգարյանը, իրենք բաժանվել են երեք խմբի, որոնցից մեկը ապրիլքսանչորսյան օրերին կլինի Հայաստանում, մյուս երկուսը' բողոքի ակցիաներ կանցկացնեն Վաշիգտոնում և Լոս Անջելեսում:
Խմբի անդամները որոշել էին ԱՄՆ-ից Հայաստան գալ մոտոցիկլետներով, սակայն մտավախություն ունեին, որ եղանակային պայմանների և այլ խոչընդոտների պատճառով դա նրանց չի հաջողվի:
«Արդեն 32 օր է, նավահանգիստը փակ է, այլ ճանապարհով գալու դեպքում ծախսերն են շատ ու դրանից մեր հայրենիքին ոչ մի օգուտ չենք տա: Որոշել ենք այդ գումարը հատկացնել էլեկտրական սայլակներ գնելուն, որը կտրամադրվի Հայաստանում ապրող հաշմանդամ ազատամարտիկներին: Սայլակներն արդեն ուղարկվել են Հայաստան' բժշկական մի քանի ուրիշ պիտույքների հետ»,-ասաց Հարութ Բոգարյանը:
Նրա խոսքով' մեծ էր հայկական հողի վրա լինելու և անմեղ զոհերին հիշելու ցանկությունը, բայց կարևոր էր նաև նշյալ վայրերում ակցիաներ անել, դրա համար էլ որոշել են խմբերի բաժանվել: «Մեր ակումբում կան օտարազգիներ, ովքեր ևս ցանկություն էին հայտնել այդ օրերին լինել մեզ հետ Հայաստանում, բայց որոշեցինք Հայաստան գալ միայն հայազգիներով: Մենք հայրենիքում կլինենք ապրիլի 20-ին ու կմասնակցենք մոմավառությանը: Մյուսներն էլ Վաշինգտոնի Սպիտակ տան և Լոս Անջելեսի թուրքական դեսպանատան դիմաց կմասնակցեն մոտոցիկլետներով բողոքի ակցիային»,-տեղե կացրեց Հարութ Բոգարյանը:
Նրա խոսքով' ամերիկյան իրենց բողոքի ակցիաները 100-րդ տարելիցին առավել բազմամարդ կլինեն: «Մեզ են միացել Հայ դատի անդամներ, հայկական կուսակցությունների ներկայացուցիչներ, երիտասարդ հայեր և նաև հայկական և ամերիկյան մոտոակումբներ»,-ասաց նա:
Իրազեկման ու դատապարտման ակցիաների ժամանակ մոտոցիկլիստներն իրենց հետ կունենան հայկական դրոշներ, որոնց վրա սև ժապավեններ կլինեն, ինչպես նաև «Ապրիլի 24» գրությամբ պաստառներ կկրեն: