Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և ՀԵԵՄ հոգեւոր պատասխանատու, Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի տնօրինությամբ Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցում փետրվարի 27-ից մարտի 1-ը տեղի է ունեցել ՀԵԵՄ Ռուսաստանի տարածաշրջանային երիտասարդական կոնֆերանս' ՀԵԵՄ Կենտրոնական գրասենյակի տնօրեն պարոն Գեւորգ Մկրտչյանի մասնակցությամբ և Մայր Աթո ռ Սուրբ Էջմիածնի Հասարակական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տեր Երեմիա աբեղա Աբգարյանի նախագահությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, եռօրյա երիտասարդական կոնֆերանսին մասնակցել են Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի (թեմի հովվության մեջ ներառվում են Էստոնիան, Լատվիան և Լիտվան), Հարավային Ռուսաստանի, Ուկրաինայի թեմերի եկեղեցասեր երիտասարդաց միության շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ:
Մոսկվայում կայացած կոնֆերանսում քննարկման հիմնական նյութերն են եղել ՀԵԵՄ պատգամավորական Գ ժողովը, որը պետք է գումարվի Հայաստանում 2015թ. հուլիս 1-5-ը, ՀԵԵՄ կանոնակարգի վերջնական տարբերակը եւ ՀԵԵՄ բյուջեն, Միջթեմական համագործակցությունը հայաստանյայց թեմերի եւ Հայ եկեղեցու արտասահմանյան ներկայացուցչությունների միջեւ' քույր թեմերի ավանդության ձեւավորման սկզբունքով, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպումը, հաջորդ տարածաշրջանային ժողովի թվականի ճշգրտումը եւ նշանակումը, ըստ որի ՀԵԵՄ Ռուսաստանի տարածաշրջանային հաջորդ ժողովը տեղի կունենա 2016 թվականի փետրվարին:
Ժողովի ընթացքում քննարկվել և հաստատվել են համագործակցության մի շարք ծրագրեր, որոնք ընթացիկ մշակման փուլում են և կիրականացվեն մոտ ապագայում:
Ժողովականները հանդիպում են ունեցել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ և ստացել են Սրբազան հոր օրհնությունը: Ապա Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցում մասնակցել են կիրակնօրյա Սուրբ պատարագին, ՀԱԵ Մոսկվայի ՆՈՒՌ երիտասարդաց միության նախաձեռությամբ այցելել են մի շարք եկեղեցիներ:
Ժողովական կյանքը եզրափակվել է Մոսկվայի Հայորդաց տան «Գավիթ» թատրոնի ելույթով: Երիտասարդ դերասանները հանդիսատեսի ուշադրությանն են ներկայացրել «Մեղուների մարգագետինը» պիեսը: