Ժնևում (Շվեյցարիա) հուլիսի 2-ին սկսվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) կենտրոնական կոմիտեի 64-րդ հանդիպումը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ԵՀԽ Կենտրոնական կոմիտեում ներկայացնում են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի թեմական պատվիրակ ու թեմի միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Մայր Աթոռի Համացանցային ծառայությունների գրասենյակի տնօրեն տիկին Փոլա Տեր-Մաթոյանը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից հանդիպմանը մասնակցում են Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ալեմեզյանը և տիկին Թենի Փերրի Սիմոնյանը:

 

Կենտրոնական կոմիտեի հանդիպումը բացվել է աղոթքով, որի ժամանակ ներկաներն աղոթել են բարեհիշատակ Գերաշնորհ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի և բոլոր այն անձանց հոգիների հանգստության համար, ովքեր ներգրավված են եղել էկումենիկ շարժման մեջ:

 

Յոթնօրյա հանդիպման օրակարգի առաջին խնդիրներից է եղել մոտակա ութ տարիների համար կոմիտեի մշտական հանձնաժողովների ղեկավարների ընտրությունն ու անդամների նշանակումը: Նկատի ունենալով Վիգեն արքեպիսկոպոսի երկարամյա փորձառությունը և ակտիվ մասնակցությունը էկումենիկ շարժմանը' համընդհանուր համաձայնությամբ նրան ընտրել են ԵՀԽ կարևորագույն հանձնախմբերից մեկի' Ֆինանսական քաղաքականության հանձնախմբի նախագահ: Վիգեն Սրբազանն ի պաշտոնե կծառայի նաև որպես ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամ: Տիկին Փոլա Տեր-Մաթոյանն ընտրվել է Կառավարման և թեկնածուն երի առաջադրման հանձնախմբի անդամ:

 

Կենտրոնական կոմիտեի հանդիպման օրակարգի թեմաները հիմնականում առնչվում են Արդարության և խաղաղության ուխտագնացության նյութին, որի շրջանակներում քննարկումներ են տեղի ունենալու Եկեղեցիների միության, բնակլիմայական փոփոխությունների, տնտեսական արդարության և ռեսուրսների բաշխման վերաբերյալ: 2013 թ. նոյեմբերին ԵՀԽ-ի կողմից որդեգրած միության հայտարարությունը կոչ էր արել բոլոր Եկեղեցիներին «ավելի աշխուժացնել հանուն արդարության, խաղաղության և արարչության բժշկման աշխատանքը և միասին դիմագրավել արդի սոցիալական, տնտեսական և բարոյ ական խնդիրների բարդ մարտահրավերները»:

 

ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի 64-րդ հանդիպումը կավարտվի հուլիսի 9-ին: