Նորագույն գենետիկ հետազոտություններով ապացուցվել է հայ ժողովրդի ծագման թվագրության իսկությունը, որ 5-րդ դարում տվել է պատմահայր Մովսես Խորենացին:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ամերիկյան «Նյու Յորք Թայմս» պարբերականը:

 

Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատությունում գրի առնված ավանդազրույցում նշում է, որ հայ ժողովուրդը ծագել է Ք.ա. 2492 թվականին: Թեև պատմիչը նշել է, որ ճանապարհորդել է Բաբելոն և ուսումնասիրել հնադարյան աղբյուրները, այդ ժամանակաշրջանը երկար տարիներ համարվում էր առասպելական: Սակայն ամերիկացի գիտնականների կատարած վերջին հետազոտությունները ապացուցում են Խորենացու պատմության արժանահավատությունը:

 

Ինչպես հաղորդում է «Նյու Յորք Թայմսը», գենետիկները սկանավորել են Հայաստանի և Լիբանանի 173 հայերի գեները և դրանք համեմատել աշխարհի այլ 78 ազգերի գեների հետ: Պարզվել է, որ հայերը հնագույն ժողովուրդների խառնուրդ են, ում ժառանգներն այսօր բնակվում Սարդինիայում, Կենտրոնական Ասիայում և մի քանի այլ տարածաշրջաններում: Գենետիկական ուսումնասիրությունների համաձայնˋ այդ ժողովուդների միախառնումը տեղի է ունեցել Ք. ա. 3000-2000 տարի առաջ, ինչը լիովին համընկնում է Մովսես Խորենացու տված թվագրության հետ:

 

Բրոնզե դարի վերջին, երբ ժողովուրդների միաձուլումը դեռ ընթացքի մեջ էր, տեղի է ունեցել ժողովուրդների տեղաշարժˋ պայմանավորված առևտրով, պատերազմներով և ժողովրդագրական աճով: Իսկ Ք. ա. 1200 թվականից հետո Միջերկրական ծովի արևելյան ափի բրոնզեդարյան քաղաքակրթությունների անսպասելի անկումը, կարծես թե, հանգեցրել է մյուս ժողովուրդներից հայերի մեկուսացմանը: Հետագա տարիներին հայերի և մյուս ժողովուրդների միջև էական միախառնումներ տեղի չեն ունեցել, ինչի մասին վկայում են գնետեիկ հետազոտությունները:

 

Այս մեկուսացումը պայմանավորել է հայկական մշակութային մի շարք առանձնահատկություններˋ լեզուն, այբուբենը, կրոնը:

 

Բացի այդ, գենետիկ հետազոտությունները շեղումներ են ցույց տվել հայկական արևելյան և արևմտյան հատվածների միջև, որն առաջացել է 500 տարի առաջˋ Օսմանյան և Սեֆյան դինաստանների միջև բռնկված պատերազմի սկզբներին, երբ Հայաստանը բաժանվեց թուրքական և պարսկական կայսրությունների միջև:

 

«Այս ԴՆԹ-ուսումնասիրությունն ընդհանուր գծերով հաստատում է հայկական պատմության մասին մեր գիտելիքները»,- ասել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պատմաբան Հովհան Սիմոնյանը:

 

Հետազոտողների հետաքրքիր բացահայտումներից է նաև այն, որ հայերը շատ ավելի մոտ են կանգնած 8 հազար տարի առաջ գյուղատնտեսությունը Եվրոպա բերած նեոլիթյան երկրագործներին, քան Մերձավոր Արևելքի ներկայիս բնակիչները:

 

Հետազոտության արդյունքները անցած ամիս հրապարակվել են bioRxiv թվայնացված գրադարանում: